Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ Լաչինի այլընտրանքային միջանցքը կառուցվի մեր կողմից, Աղանուսը, Մեղվաձորը, Ապարանը կարող են կրկին անցնել մեր վերահսկողության տակ, սակայն դրանք մենք մեր ձեռքով ավերել ենք․ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար

Երբ Լաչինի այլընտրանքային միջանցքը կառուցվի մեր կողմից, Աղանուսը, Մեղվաձորը, Ապարանը կարող են կրկին անցնել մեր վերահսկողության տակ, սակայն դրանք մենք մեր ձեռքով ավերել ենք․ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար
Հայաստան
16:15, 09 август 2022
Պետական մակարդակով կազմակերպվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ու Աղավնո գյուղերի բնակիչների գույքի տարհանումը: Կան ընտանիքներ, որոնք արդեն տեղափոխել են իրենց գույքը, մի մասը՝ Արցախի այլ շրջաններ, մի մասը՝ Հայաստան, բայց վերջնական տեղափոխվողներ դեռ չկան: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:  
Մեր դիտարկմանը՝ սոցիալական ցանցերում տարբեր անձանց կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, որ ովքեր ունեն բեռնատար ավտոմեքենաներ, օգնեն Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին տարհանելու իրենց գույքը, Մուշեղ Ալավերդյանն արձագանքեց. «Պետությունն ամբողջովին կարողանում է հոգալ այդ ամենը: Գույքի տարհանման ծախսը՝ միանվագ գումարն ու վառելիքը, այսօր-վաղը բնակիչները կստանան՝ քարտերով կամ էլ անձնագրի համարներով»: Նա նշեց նաև, որ տեղափոխվելու հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս օգնություն է ցուցաբերում բնակիչներին: «Համայնքապետերը և շրջվարչակազմը կլուծեն նույնիսկ ամենամանր խնդիրը, որպեսզի մարդիկ իրենց գույքն առանց որևէ խոչընդոտի տարհանեն»,- հավելեց նա: 

Մուշեղ Ալավերդյանն ընդգծեց, որ բնակիչներն են ընտրում, թե իրենք որտեղ բնակություն հաստատեն, ինչպես նաև տեղափոխվող ընտանիքներին տուն վարձելու համար մեկ անձի հաշվարկով հատկացվում է 40.000 դրամ, սոցիալական աջակցության ծրագրից են օգտվելու:

Ազգային-ժողովրդավարական բևեռը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ երեկ՝ օգոստոսի 8-ի երեկոյան, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ռուսական բանակի ներկայացուցիչների հետ ադրբեջանցի պաշտոնյաների է ուղեկցել Բերձոր: Հայտարարության մեջ նշված է, որ Բերձորի բնակիչների խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողներին ուղեկցել են՝ ցույց տալու համար, որ Բերձորի ու Աղավնոյի տները հրկիզված չեն:  

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշեց, որ Վիտալի Բալասանյանի կողմից ադրբեջանցի զինծառայողներին Բերձոր ուղեկցելու մասին ինքը որևէ տեղեկություն չունի, իսկ ինչ վերաբերում է Աղավնոյի ու Բերձորի տները չհրկիզելուն, ապա դա Արցախի կառավարության դիրքորոշումն է: «Այդ մասին ես և Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել ենք արդեն բնակիչներին: Օրինակ՝ երբ Լաչինի այլընտրանքային միջանցքը կառուցվի մեր կողմից, այնտեղ կան բնակավայրեր՝ Աղանուսը, Մեղվաձորը, Ապարանը, որոնք կարող են կրկին անցնել մեր վերահսկողության տակ, սակայն այդ բնակավայրերի տների տանիքները բնակիչները լքելուց առաջ ավերել են, հիմա այդ բնակավայրերում ահավոր վիճակ է, և բնակեցման անհրաժեշտության դեպքում խնդրի առաջ կկանգնենք: Այդ բնակավայրերը մեր վերահսկողության տակ չեն, բայց մոտ ապագայում, կարծում եմ, կլինեն մեր վերահսկողության տակ, և ինչ-որ փուլում հնարավոր կլինի բնակություն հաստատել այնտեղ, սակայն այդ բնակավայրերը մենք մեր ձեռքով ավերել ենք»,-ասաց նա:

Նշենք, որ «Առավոտ»-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը հաստատել է տեղեկությունը, որ Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը ադրբեջանցի պաշտոնյաների հետ այցելել է Բերձոր։ «Տներ ցույց տալ կամ ինչ-որ նմանատիպ բան չի եղել: Կանգ առ եղել է Բերձորում, Վիտալի Բալասանյանը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եղել են ռուս հրամանատարներ իրենց հետ: Մի պահ կանգնել են, զրուցել տեղի ռուս պատասխանատուների հետ ու շարժվել»,- ասել է Ալեքսանյանը։


Նարա Մարտիրոսյան