Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր երկրում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, այդ թվում նաև՝ բեռնափոխադրումների. Վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին

Մեր երկրում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, այդ թվում նաև՝ բեռնափոխադրումների. Վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին
Հայաստան
12:02, 11 август 2022
«Նախորդ տարվա վերջին Տաթև-Աղվանի ճանապարհը մի փոքր ֆորս-մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց: Ի սկզբանե ճանապարհը նախատեսված էր որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ: Այն շահագործման հանձնվեց, բայց մենք հետագայում տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի՝ փոսեր էին գոյացել և այլն»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իր տեղեկություններով՝ այժմ խնդիրների մեծ մասը լուծվել է, և մնացել է վերջին 500-մետրանոց մի հատված, որտեղ պետք է լուծել այդ փոսերի հարցը:

Ի պատասխան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այժմ 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել. «Հավանաբար վաղն արդեն փոսեր չենք ունենա և ամբողջովին ասֆալտածածկ կլինի: Երրորդ շերտի տեղադրման գործընթացն արդեն սկսվել է: Եթե նորից որոշ տեղերում խնդիրներ ծագեն, շինարարները հընթացս դրանք կշտկեն, և վերջին շերտը կտեղադրենք»:

«Համոզվա՞ծ ենք, որ այդ ճանապարհը հիմա նաև բեռնատարներին կսպասարկի, էդ վիճակի՞ ենք բերել ճանապարհը, թե՞ էլի ինչ-որ կասկածներ ունենք»,- նախարարին հարցրեց վարչապետը:

Գնել Սանոսյանը մատնանշեց, որ հիմնական խնդիրը բեռնատարների գերծանրաբեռնվածությունն է, ինչին էլ վարչապետը արձագանքեց՝ խոսելով կշեռքների տեղադրման մասին:

«Մեր երկրում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, ընդհանրապես ամեն ինչի ստանդարտ, այդ թվում նաև՝ բեռնափոխադրումների ստանդարտ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ընթացքի մեջ է Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհի շինարարությունը:

Խոսելով ճանապարհաշինական ընկերությունների մասին՝ վարչապետը նկատեց, որ այդ ընկերություններն ինքնամոռաց մասնակցում են մրցույթներին, հաղթում են, սակայն չեն կարողանում ճանապարհների կառուցումը ժամկետին ավարտել. «Այդ ոլորտի նաև օտարերկրյա ընկերությունները պետք է իմանան, որ մենք աշխատանքի հսկայական դաշտ ունենք»: 

Մանրամասն տեսանյութում