Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը կվերափոխվի. մանրամասնում է Ռոմանոս Պետրոսյանը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը կվերափոխվի. մանրամասնում է Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստան
12:19, 05 апрель 2021
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կդառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տրվի 2021 թվականի ընթացքում։  

«Իմ հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի մշակման ակտիվ աշխատանքներ է տանում։ Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է նախևառաջ նոր որակի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտի կայացում և գործընթացի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։  Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»,- նշել է նախարարը։

Աշխատանքային քննարկումներն ուղեկցվում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ քննարկումներով։ Օրենքի փոփոխության նախագծի առանցքային կետերից են՝ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից, հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին, հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը, հստակեցնել ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի և գործունեության տեսակների շրջանակը և այլն:
Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկա 2-3 ամիսներին նոր օրենքի նախագիծը վերջնական պատրաստ կլինի՝ բոլոր ինստիտուցիոնալ լուծումներով։ Այն կներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերի քննարկմանը, և հանրային լայն քննարկումներից հետո ահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։

«Այս փոփոխությունների վերջնարդյունքում մենք ունենալու ենք պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն, որն օժտված է լինելու լայն լիազորություններով, լինելու է ավելի ազդեցիկ և իրականացնելու է լուրջ խորքային ու  բովանդակային գործառույթներ»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը: