Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր Նարեկ Սամսոնյանի մայրը ՊՆ-ին չի հայտնել որդու գտնվելու վայրը, ՎԵՏՕ-ի Նարեկ Մալյանը ոչ պիտանի է ճանաչվել․ տվյալներ ՊՆ եռամսյա հավաքներից

Ընդդիմադիր Նարեկ Սամսոնյանի մայրը ՊՆ-ին չի հայտնել որդու գտնվելու վայրը, ՎԵՏՕ-ի Նարեկ Մալյանը ոչ պիտանի է ճանաչվել․ տվյալներ ՊՆ եռամսյա հավաքներից
Հայաստան
16:44, 11 август 2022
Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ՊՆ-ի կողմից իրականացվող եռամսյա վարժական հավաքների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ ստանալու։ Հիշեցնենք, որ այս հավաքներին մասնակցելու հարցը տևական ժամանակ է՝ շահարկվում է ընդդիմության ներկայացուցիչ որոշ շահագրգիռ խմբերի կողմից՝ որակվելով  որպես ընդդիմության ակտիվիստներին «պատժելու միջոց»։  Ավելին՝ եղան դեպքեր, երբ  ֆեյսբուքյան  որոշ օգտատերեր այդ հավաքներին չմասնակցելու, ասել է թե՝ դասալքության դիմելու կոչեր արեցին։ 

ՊՆ ուղարկված մեր հարցման մեջ խնդրել էինք հայտնել, թե ՀՀ ՊՆ-ն ի՞նչ պարբերականությամբ է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կազմակերպում։  2020 թվականի հունվարի 1-ից  առ այսօր (հարցումն ուղարկելու օրը)  քանի՞ անգամ է ՀՀ ՊՆ-ն պահեստազորայինների եռամսյա հավաքներ իրականացրել, թվով քանի՞ անձի է հիշյալ հավաքներին մասնակցելու ծանուցագիր ուղարկվել, քանի՞սն է մասնակցել այդ հավաքներին, քանի՞սը չի ներկայացել և ի՞նչ հիմնավորմամբ։  

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները կազմակերպվում և անցկացվում են  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 13-րդ  գլխում սահմանված նորմերին համապատասխան։ Մասնավորապես, նշված օրենքի 59-րդ հոդվածը սահմանում է պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքներին կանչելու կարգը և ժամկետները»,- ասված է ՊՆ պատասխանում։ 2020 թվականի  հունվարի 1-ից առ այսօր, ըստ ՊՆ-ի, երեք անգամ անց են կացվել  վարժական հավաքներ։  Ըստ այդմ, 18.08.2021 թ. «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար տրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Կառավարության N 1356-Ն որոշմամբ 1886 պահեստազորային ներգրավվել է վարժական հավաքներում՝ 2021 թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը։ 

Կառավարության մեկ այլ՝ N 310-Ն որոշմամբ, այս տարվա  ապրիլի 1-ից հունիսի 30-ը   1119  պահեստազորային ներգրավվել է եռամսյա վարժական հավաքների։ Թվով երրորդ  վարժական հավաքը՝ Կառավարության N 941-Ն որոշմամբ, որում ներգրավված է 1191  պահեստազորային,  մեկնարկել է օգոստոսի 1-ից և տևելու է մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը։ 

ՊՆ-ից խնդրել էինք հայտնել, թե  օրենքով սահմանված ի՞նչ իրավական պատասխանատվություն է նախատեսված վերոհիշյալ հավաքներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում, և մասնավորապես՝ արդյոք պատասխանատվություն նախատեսվա՞ծ է եռամսյա հավաքներին մասնակցելուց հրաժարվելու մասին հրապարակային կոչեր անելու համար։ Մեզ ուղարկված պատասխանում «հրապարակային կոչեր»-ի մասով պատասխանատվության մասին ոչինչ ասված չէ, հավանաբար այն պատճառով, որ Քրեական օրենսգրքով  նման հանցակազմ  նախատեսված չէ։ Նշենք, որ ըստ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Մեր հաջորդ հարցը վերաբերում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքայն գրառմանը, որում վերջինս հայտնել էր, թե եռամսյա հավաքների մասնակցելու «ծանուցում է ուղարկվել, օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ»: 

Պատգամավորը նշել էր նաև, որ «ծանուցագրեր են ուղարկվել նաև ընդդիմադիրներ Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին»: Խնդրել էինք հայտնել՝  արդյոք թվարկված անձանց ՊՆ-ն ծանուցագրեր ուղարկե՞լ է, թե՞ ոչ, մասնավորապես՝ Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Տարոն Ղազարյանը ծանուցագրերն ստանալուց հետո ներկայացե՞լ են  համապատասխան զինկոմիսարիատներ, թե՞ ոչ։  «Հարցման մեջ նշված քաղաքացիներ Տարոն  Գեղամի Մանուկյանին, Գևորգ Հրաչի Մուրադյանին եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ուղարկվել են, քանի որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի  5-րդ  մասի պահանջով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինները սահմանված յոթ աշխատանքային օրվա ընթացքում  նշված անձանց հաշվառման վայրի ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային  համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ չեն հայտնել այդ զինապարտների մասին, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։   Տարոն Հակոբի Ղազարյանը սահմանված կարգով ծանուցվել է  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի կողմից։  15.07.2022 թ. ներկայացել է, անցել է բժշկական հետազոտություն, ճանաչվել է պիտանի և 1.08.2022-ից ներգրավվել է եռամսյա վարժական հավաքներին։ 

Նարեկ Բորիսի Մալյանը սահմանված կարգով ծանուցվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման կողմից։ 19.07.2022 թ.-ին ներկայացել է, անցել է բժշկական հետազոտություն և ՀՀ Կառավարության 2018 թ. ապրիլի 12 N 404-Ն  որոշման պահանջներվ ճանաչվել է  ոչ պիտանի և չի ներգրավվել եռամսյա վարժական հավաքներին։ Նարեկ Բագրատի Սամսոնյանի տուն՝ ծանուցելու նպատակով, 1.07.2022-ին  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N3 տարածքային  ստորաբաժանման աշխատակիցների կողմից կատարվել է այց, դուռը բացել է մայրը և հրաժարվել տալ տեղեկություն որդու գտնվելու վայրի մասին»,- հայտնում են ՊՆ-ից։ 

Թագուհի  Թովմասյանն իր գրառման մեջ նշել էր նաև, որ  «ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները»։ Հարցման միջոցով խնդրել էինք հայտնել՝  ի՞նչ սկզբունքով  են ընտրվում  պահեստազորայինները, որոնց եռամսյա վարժանքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվում, խնդրել էինք նաև մեկնաբանել Թ. Թովմասյանի այն պնդումը, թե  ՊՆ-ն «թիրախավորում է ընդդիմադիրներին»։ 

«Վերոնշյալ իրավակարգավորումներով, ինչպես նաև ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված նորմերի համաձայն՝  քաղաքացիների ներգրավումը վարժական հավաքներին կազմակերպվում է՝ հաշվի առնելով նրանց զինվորական հաշվառման մասնագիտությունները,  պահեստազորում նրանց հաշվառման խումբը և կարգը, ինչպես նաև առողջական վիճակը։ Վարժական հավաքներին քաղաքացիների ներգրավումն իրականացվում է վերոնշյալ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան և կապված չէ քաղաքացիների քաղաքական հայացքների հետ»,- հայտնել են ՊՆ-ից։

Ի դեպ, արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի փողոցներում Արցախ փրկող ընդդիմության համակիր Հովհաննես Իշխանյանը դասալքության բացահայտ քարոզ է տանում իր ֆեյսբուքյան էջում։ Նա ևս խուսափել է ՊՆ եռամսյա հավաքին մասնակցել՝ «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով կանխատեսում անելով, թե «դավաճան իշխանությունը իրեն գերի կհանձնի», ուստի հրաժարվում է մասնակցել ՊՆ եռամսյա հավաքին։ Զարմանալին այն է, որ նա մինչ այժմ պատասխան չի տվել ՊՆ հավաքից խուսափելու համար։
 
Հեղինե Մանուկյան