Ալավերդու ԲԿ-ին հատկացվել է ամենագնաց նոր ռեանիմոբիլ․ Հարցը լուծում ստացավ 2-3 շաբաթվա ընթացքում․ Արեն Մկրտչյան

Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տարեսկզբին այցելել է Ալավերդու ԲԿ։ Տնօրեն Ստեփան Մոսինյանը տեղեկացրել է, որ ամենագնաց ռեանիմոբիլի կարիք կա, քանի որ ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր` կետային ավելի քան 100 կմ հեռավորությամբ, բարդ ռելիեֆով։ Բացի այդ, այնտեղ գյուղական բնակավայրեր են` դժվարանցանելի ճանապարհներով, որտեղ ստանդարտ ռեանիմոբիլները դժվար հասանելի են։
«Խնդիրը քննարկեցի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը նշեց, որ եթե ԲԿ-ն սեփական եկամուտներով հոգա շտապօգնության բրիգադի վարձատրության հարցը, նախարարությունը կհատկացնի ռեանիմոբիլը։ Հարցն այս տրամաբանությամբ 2-3 շաբաթվա ընթացքում լուծում ստացավ։
Ամբողջովին նոր «Տոյոտա» մակնիշի ամենագնաց ռեանիմոբիլը լիովին հագեցված է. ԷՍԳ (էլեկտրասրտագիր)
ИВЛ-ԱՇՍ ( արհեստական շնչառության սարք, ապարատ), դեֆիբրիլյատոր, ինֆուզիոն պոմպ:
Այսպիսով, բարձրանալու է շտապօգնության ծառայության օպերատիվությունը, ծառայության որակն ընդհանրապես։
Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրին օպերատիվ լուծում տալու համար»,- Ֆեյսբուքում գրել է Արեն Մկրտչյանը։