Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում․ ԱԻՆ

Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում․ ԱԻՆ
Հայաստան
20:15, 14 август 2022
Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում։ Այս մասին հայտնում է ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։

Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:


«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի փլատակների տակից քիչ առաջ դուրս է բերվել պայթյունի հետևանքով զոհված երկրորդ քաղաքացու դին,- հայտնեց ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով, զոհի ինքնությունն այս պահին պարզված չէ։ Դին եղել է այրված, անճանաչելի վիճակում։ Գրիգորյանը հայտնեց միայն, որ զոհը կին է։

Նշենք, որ առաջին զոհը «Սուրմալուից» «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Հայտնի է, որ նա 40-45 տարեկան տղամարդ էր։ Ներկա պահին, պաշտոնական տվյալներով, կա 57 տուժած։

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։