Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանն ու ԿԳՄՍ նախարարը հանդիպել են

Արմեն Սարգսյանն ու ԿԳՄՍ նախարարը հանդիպել են
Հայաստան
18:38, 05 апрель 2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ասել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին: