Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուհերի ընդունելության նոր կարգի մանրամասները

Բուհերի ընդունելության նոր կարգի մանրամասները
Հայաստան
13:23, 06 апрель 2021
Այսօր  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ բուհերրի ընդունելության նոր կարգերի մասին մանրամասներ ներկայացրեցին ՀՀ ԿԳՍՄՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը և գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Տիկին Գրիգորյանը նշեց, որ կառավարության ապրիլի 1-ի նիտում ընդուված ընդունելության նոր կարգը սկզբունքորեն փոփոխության է ենթարկվել: Կարգում երկու հիմնական փոփոխություն կարելի է ընդգծել՝ առաջինը ընդունելության քննությունների հայտագրման եղանակը, որը ամբողջությամբ առցանց է, երկրորդ՝ հայտագրման փուլերը՝ հիմնական և երկրորդ փուլ, որի դեպքում դիմորդը հայտագրվում է առաջին անգամ՝ հիմնական մրցույթին մասնակցելու համար՝ «մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքով:

«Սա նշանակում է, որ դիմորդները արդեն մասնագիտական կողնորոշում ունեն և հայտագրում են իրենց նախընտրելի մասնագիտությունը՝  1 բուհում, դրա անվճար և վճարովի տարբերակներով: Այնուհետև, հիմնական մրցույթի ամփոփումից հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, հնարավորություն կա հայտագրելու ևս 6 մասնագիտություն՝ այն նույն քննություններով, որոնց համար առաջին անգամ հայտագրվել են»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա դիմորդներին արդեն կողմնորոշված ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ. «Հույս ունենք, որ այդ մասնագիտական կողմնորոշվածությունը կնպաստի նաև նրանց ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը և, այնուհետև, արդեն որպես շրջանավարտ, որակյալ մասնագետ դառնալուն ուղղված կլինի: Հույս ունենք, որ այս փոփոխությունը կարդարցնի իրեն»:

Թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ներկայացրեց արդեն կատարվելիք աշխատանքների ընթացքը. «Մենք սկսել ենք մարզերով շրջել և հանդիպել բոլոր դպրոցների տնօրեններին, բացատրել կարգը, հայտագրման ձևերը»:

Ըստ նրա՝ հայտագրման գործընթացը պետք է սկսվի ապրիլի 15-ից և ավարտվի   մայիսի 10-ին: Պարոն Նասիբյանը մանրամասն ներկայացրեց նաև այն քայլերը, որոնց պետք է հետևեն դիմորդները.
«Առաջին հերթին դիմորդը դիմում է իր դպրոցի տնօրենին և տնօրենը գրանցում է աշակերտին, գրանցում է նաև քննությունները, քանի որ մենք բացի միասնական քննություններից, ունենք նաև ավարտական քննություններ: Եթե աշակերտը գնում է միասնական քննությունների, բնականաբար, ավարտական քննական թեստ իրեն մենք դպրոց չենք ուղարկի: Դպրոցում ինքը ստանում է գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համարը»:

Նրա խոսքով՝ անձնական համարը ստանալուց հետո շրջանավարտն ինքն է որշում՝ անձամբ  ներկայացնել դիմում-հայտը՝ գնահատման և թեստավորման կենտրոն՝ էլեկտրոնային եղանակով, թե՝ դիմել դպրոցի օժանդակությամբ: 

«Դիմորդը կարող է դիմել դպրոցին, դպրոցի օպերատորի հետ միասին լրացնեն դիմում հայտը, կարող է իր հեռախոսով մտնել dimord.am և լրացնել դիմում հայտը», -նշեց Նասիբյանը: