Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորցրած տարածքների բնակիչները վերաբնակեցվելու են արդեն առկա գյուղերում, կատարվում են բնակելի տների վերակառուցման աշխատանքներ. Մեսրոպ Առաքելյան

Արցախում այս պահին գյուղական համայնքներում մի քանի հարյուր բնակելի տների վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց սոցապ. նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա փոխանցմամբ՝ մոտավորապես 9000 ընտանիքի պետք է բնակարան տրամադրվի, ովքեր այս պահին չունեն մշտական բնակության վայր: Դեռևս ընդամենը մի քանի հարյուր կացարան է կառուցվել, իսկ ընդհանուր ծրագիրը 3 տարվա համար է նախատեսված:

«Բնակարանները ստանալուց հաշվի է առնվելու ոչ միայն նախկին բնակության վայրը, այլև սոցիալական խումբը, ընտանիքի բազմազավակությունը, այն ընտանիքները, որոնք ունեն զոհված և հաշմանդամություն ունեցող անձիք»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ կորցրած տարածքների բնակիչները վերաբնակեցվելու են արդեն առկա գյուղերում. «Հիմնականում այն գյուղական համայքններում, որոնք ունեն հնարավոր ենթակառուցվածքներ, մասնավորապես, դպրոց, մանկապարտեզ, որ կարող են ավելի շատ բնակիչներ սպասարկել, քան այս պահին այդ գյուղում ապրում են: Հենց այսպիսի գյուղերում նոր բնակելի տներ են կառուցվելու»:

Ըստ նախարարի՝ ծրագրիրը իրականացվելու է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի և բյուջեի հովանավորմամբ. «Այս պահին ծրագրիրը 110 միլիրադ դրամ է կազմում, որից 52 միլիարդ դրամը տրամադրվելու է բյուջեից»:

Նախարարը անդրադարձավ նաև Նորքի ծերանոցի շենքի վաճառքի մասին խոսակցություններին, փաստելով, որ բացառված է, որ ծերանոցում բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր,  և Նորքի ծերանոցը կամ որևէ  այլ խնամքի կենտրոն վաճառվի կամ այլ նպատակով օգտագործվի: