Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակին ամբողջ պետական համակարգը գնացել է մարտի 1-ի գործի կոծկմանը․ Հայկ Գեւորգյան

Ժամանակին ամբողջ պետական համակարգը գնացել է մարտի 1-ի գործի կոծկմանը․ Հայկ Գեւորգյան
Հայաստան
17:51, 07 апрель 2021
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը, ասաց․ « Դատական իշխանությունը, գործադիր եւ օրենսդիր իշխանություններից ստանալով իրական անկախություն, չարաշահեց այդ ազատությունը եւ ես վստահ չեմ, որ դատական իշխանության առանձին ներկայացուցիչներ անկախ են ընդհանուր առմամբ. նրանք անկախ են մեզանից, բայց չեմ պնդի, որ անկախ են այլ հանգամանքներից»։ 

Պատգամավորի կարծիքով՝ մարտի 1-ի գործը բացահայտված է այնքանով, որքանով դա դատարան ներկայացված գործի մանրամասներն են։ «Այնտեղ կան սարսափելի փաստեր, ոչ թե կարծիքներ կամ նկարագրություններ, այլ փաստեր։ Եվ այդ փաստերը ցույց են տալիս, թե ինչպես է տեղի ունեցել մարտի 1-ը, ուրիշ հարց է, որ դատական քննարկումների փուլում արդեն երկու տարի գործը առաջ չի գնում փաստաբանների միջնորդություններով»։

Գեւորգյանն ասաց, որ թեկուզ գործը չի մտել դատաքննության փուլ, բայց դա չի նշանակում, որ պարկուճները չեն փոխարինվել, փոխվել են եւ դա փաստ է․ սա նշանակում է, որ ամբողջ պետական համակարգը գնացել է գործի կոծկմանը։

Հարցին, թե նա ակնկալու՞մ է, որ դատական գործընթացը կշարունակվի եւ հանրության համար պարզ կլինի, թե ինչ է կատարվել այդ ժամանակ, պատգամավորը պատասխանեց․ «Դա տեղի է ունենալու վաղ թե ուշ, ինչքան էլ ուզենան ձգձգեն եւ իրավական խորխորատներ մտցնել, որ գործը առաջ չգնա, թող բացահայտվեր դատարանում, ինչի՞ էին ձգձգում, հենց միայն այն պատճառով, որովհետեւ դատաքննության փուլում ամեն ինչ պարզ կդառնար»։