Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համարժեք չեն պետտուրքի վճարները դատարանների կատարած աշխատանքների հետ․ փաստաբան

Համարժեք չեն պետտուրքի վճարները դատարանների կատարած աշխատանքների հետ․ փաստաբան
Հայաստան
18:19, 07 апрель 2021
Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ: Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում օրերս երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ 

Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդգծեց, որ գործող օրենքով առկա չէ պետտուրքի առավելագույն չափ և քաղաքացիական գործերով Առաջին ատյանի դատարան դիմելիս հայցապահանջի 2 տոկոսը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան դիմելու դեպքում՝ 3 տոկոսն է գանձվում, իսկ նվազագույն գումարը 1500 դրամ է։ 

Փաստաբանը պետտուրքի վերին շեմ սահմանելը ճիշտ է համարում, սակայն կարծում է, որ խնդրին կիսատ են լուծում տվել․ «Պետտուրքը հայցապահանջի հետ կապելը սխալ է, դա դատարանի մատչելիությունն է թուլացնում։ Պետտուրքը վճար է՝ պետության կողմից քաղաքացուն մատուցվող ծառայության դիմաց, որպեսզի դատարանների արված աշխատանքի ծախսերը փակվեն։  Երբ դատարանը ոչ գույքային պահանջի դեպքում դնում է ֆիքսված գումար, շատ դեպքերում դատարաններն ավելի շատ աշխատանք են կատարում, քան մեկը գալիս է ստացականով, որն անվիճելի ապացույց է և ասում է՝ օրինակ այս մարդն ինձ պարտք է 10 մլն դրամ, պարտավորեցրեք թող տա, և դատարանն այս դեպքում մեծ ծավալի աշխատանք չի կատարում, բայց քաղաքացին այդ 10մլն-ի երկու տոկոսը վճարում է որպես պետտուրք։ Այսինքն համարժեք չի պետտուրքի վճարը կատարված աշխատանքի հետ»։

Օրենքի փոփոխության պարագայում շարունակելու է գործել տոկոսային հաշվարկը, սակայն եթե Առաջին ատյանի դատարան դիմելիս այդ տոկոսային հաշվարկով պետտուրքը կազմի օինակ՝ 26մլն դրամ, ապա քաղաքացին կմուծի արդեն սահմանված առավելագույն շեմը՝ 25մլն դրամը։

Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ գործող օրենքով դեպքեր են եղել, երբ քաղաքացին մինչև 300մլն պետտուրք վճարելու խնդրի առաջ է կանգնել, քանի որ սահմանված չէ առավելագույն շեմ։ Այնուամենայնիվ փաստաբանը գտնում է, որ դատարանի մատչելիությունը տոկոսային հաշվարկի դեպքում նվազում է, որովհետև քաղաքացուց պետք է գումար գանձվի մատուցած պետական ծառայության դիմաց․ «Պետտուրքը հարկ չի, այն գանձվում է պետական մարմնի կողմից մատուցված ծառայությունների համար։ 6000 դրամի դիմաց դատարանը կարող է ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել, քան հայցադիմումի տոկոսային հաշվարկով՝ օրինակ 5մլն պետտուրքի պարագայում։ Օրինակ քաղաքացին  դատարան է դիմում՝ ասելով, որ հարևանը ապօրինի մտել է իր հողամաս և շենք է սարքել՝ այս պարագայում դրվում է տուրքի նվազագույն չափ, իսկ նման գործերով դատարաններն աշխատում են 3 տարի։ Իսկ օրինակ՝ փոխառության պայմանագրի առկայության դեպքում, որն անվիճելի փաստ է, և պետք է այդ պայմանագրով սահմանված փոխառության գումարը դատարանը պարտավորեցնի մուծել հայցվորին՝ մուծվում է 2 տոկոս պետտուրք»։  

Նշենք, որ նախագծով վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձեւ: Վերանայվել է արտոնությունների համակարգը. համայնքի ղեկավարի՝ հավաքներին վերաբերող որոշումների, գործողությունների օրինաչափությունը բողոքարկելու դեպքում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չի գանձվի նաեւ ընտանիքում բռնության դեպքերի գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների դեպքում։

Պետական տուրք չի գանձվի նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, երբ դատարանում կվիճարկվեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումները:
Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում եւս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:
 
Նարա Մարտիրոսյան