Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակունքում 13 փողոց այսուհետ կրում է Արցախյան պատերազմների հերոսների անունները

Ակունքում 13 փողոց այսուհետ կրում է Արցախյան պատերազմների հերոսների անունները
Հայաստան
18:59, 07 апрель 2021
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում աչքի ընկած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի եւ Սասուն Մովսիսյանի  անունները։  

Փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվեցին Ավետման, Մայրության եւ գեղեցկության տոնի եւ Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումների հետ, որը կայացավ Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում։ Անվանակոչության եւ հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունքի գյուղապետ Նիկոլա Խաչատրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, Ակունքի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները։

Անվանակոչված յուրաքանչյուր փողոցի մուտքում կտրվեցին ժապավեններ, հնչեցին մեծարանքի ու ոգեկոչման խոսքեր, կատարվեց օրհնության կարգ։  «Ակունքն Արցախյան պատերազմներում ունեցել է իր ակտիվ մասնակցությունը՝ տալով տասնյակից ավելի թանկ կյանքեր, բազմաթիվ վիրավորներ։Հերոսներ են թե՛ նրանք, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը, եւ թե նրանք, ովքեր այսօր մեր կողքին են ու հայրենիքը պաշտպանում են խաղաղ աշխատանքով։ Մենք ոչ մի ակնթարթ չպետք է մոռանանք այդ հերոսներին ու պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց սխրանքները, ոգեկոչենք նրանց անմահ անունները»,-ներկաներին դիմեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը։

«Անվանակոչված այս փողոցները մեզ պարտավորեցնում են, որ այստեղ միայն պիտի ապրեն հայ սերունդները, այս փողոցներով պիտի քայլեն մեր հերոսների զավակները, թոռներն ու շառավիղները, հարազատներն ու արյունակիցները։ Այստեղով երբեք չպետք է անցնի թշնամին»,-խոսք հնչեցրեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը։   

Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում տեղադրված հուշարձանին, որը հավերժացնում է Արցախյան պատերազմներում զոհված ակունքցիների հիշատակը, ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Ակունքի պատանի երկրապահները, միջոցառման բազմաթիվ մասնակիցներ։ ՀՀ ԶՈՒ զորամասի նվագախմբի եւ Վարդենիսի մշակույթի տան համույթի կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր։ Օրվա առիթով խոսք հնչեցրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։  

«Այսօր մենք մի կողմից ցանկություն ունենք՝ մեր մայրերին ժպիտ ու երջանկություն ցանկանալու, մյուս կողմից էլ ստիպված ենք սփոփանքի խոսքեր ասել նրանց, քանի որ այդպես դժվար է դասավորվել մեր ազգի ճակատագիրը։ Եվ ես խնդրում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին՝ երբեք չխեղճանաք ու չվհատվեք, քանզի ձեր զավակները գիտակցված մահով են հայրենիք փրկել ու անմահացել՝ մեզ թողնելով մի սրբազան պատգամ, այն, որ բոլոր ապրողներս շարունակենք շենացնել ու զարգացնել մեր հայրենիքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքապետարանին՝ փողոցների անվանակոչության նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ինչը լավագույն միջոցն է՝ մեր հերոսներին հավերժ հիշելու, սերունդների հոգիներում նրանց սուրբ հիշատակը վառ պահելու համար։ Մենք ձեզ հետ միասին պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ ապրելու եւ ապրեցնելու մեր աշխարհը, մեր հերոսների անմար փառքը»,-ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Միջոցառման ընթացքում ընթերցվեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Արայիկ Հարությունյանի հրամանագրերը, համաձայն որոնց  հետմահու  «Մարտական ծառայության» մեդալով են   պարգեւատրվել Ակունք համայնքի զինծառայողներ Գառնիկ Խաչատրյանը, Էդվարդ Պետրոսյանը, Արտաշես Ջանիբեկյանը, Արծրուն Սիմոնյանը, Նարեկ Հովհաննիսյանը եւ Սուրիկ Ավետիսյանը։ Պարգեւները զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունք համայնքի բնակիչ, Արցախյան առաջին ու 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից, բանակաշինության մեջ ներդրում ունեցած  Կամսար Հարությունյանը, Ակունքի համայնքապետարանի աշխատակիցներ։ Ակունքի համայնքապետարանի կողմից շնորհակալագրերով ու նվերներով պարգեւատրվեցին Արցախյան պատերազմներում ու բանակաշինության մեջ աչքի ընկած ակունքցի ազատամարտիկներ, ժամկետային կամ պայմանագրային նախկին զինծառայողներ: