Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզից 21 դպրոցի վերանորոգման հայտ է ներկայացվել. օգոստոսյան խորհրդակցություն Գյումրիում

Շիրակի մարզից 21 դպրոցի վերանորոգման հայտ է ներկայացվել. օգոստոսյան խորհրդակցություն Գյումրիում
Հայաստան
20:42, 30 август 2022
2022-2023 ուստարվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներն օգոստոսյան հերթական խորհրդակցությունն անցկացել են Շիրակի մարզում:

Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության և մարզպետարանի այլ ներկայացուցիչներ:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, Վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ընթացքում նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ բնույթի ծրագրում։ Նախատեսվում է շուրջ 553 մլն դրամի շրջանակում դպրոցներում իրականացնել տանիքների նորոգման, դռների, պատուհանների փոխարինման, սանհանգույցների, աստիճանների վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներ։

«Կառավարությունը հավատարիմ է խոստմանը, և 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը քայլ-քայլ կյանքի է կոչվում։ Կրթության համակարգը, լինելով առաջնային ոլորտ պետական համակարգում, վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում՝ օրենսդրական, որոնք բերել են նոր որակ»,- նշել է մարզպետը։

Ներկաներին ողջունել և հաջող ուսումնական տարի է մաղթել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա նաև անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների` պարզաբանումներ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունների, փորձարկվող կրթական նոր չափորոշիչների, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացի, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունների և այլնի վերաբերյալ։

2020-2021 ուստարում Շիրակի մարզն ունեցել է 17 մեդալակիր, բուհ է ընդունվել 833 շրջանավարտ, որոնցից 213-ը՝ առաջին անվճար հայտով։ 2021-2022 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին մարզից մասնակցել է 151 աշակերտ՝ արժանանալով 27 դիպլոմի և 24 գովասանագրի։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների պարտադիր ու կամավոր վերապատրաստման գործընթացին, ատեստավորմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր։