Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաներում կհայտարարվի ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափած անձանց նկատմամբ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
 
Սույն օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:     
 
Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիները կամ կազատվեն քրեական պատասխանատվությունից կամ նրանց նկատմամբ քրեական գործի հարուցումը կմերժվի կամ հարուցված քրեական գործի վարույթը կկարճվի կամ չի իրականացվի քրեական հետապնդում կամ կդադարեցվի քրեական հետապնդումը, ինչպես նաև վերահսկողություն չի իրականացվի այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են և գտնվում են փորձաշրջանի մեջ: