Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին

Ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ  ունի Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին
Հայաստան
15:38, 08 апрель 2021
Ամենակարևոր բանը, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովն ունի, դա 97 էջից բաղկացած զեկույցն է, որը մեր աշխատանքի արդյունքն է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, ասաց ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը  շատ մեծ ծավալ ունի  և մեր հասարակությունը սպասում է նաև այդ  զեկույցին։

«էն օրը մի քանի ամիս աշխատած նախկին փոխնախարար կար՝ Արտակ Զաքարյան, ասում է՝ այ թաքցնում են, որովհետև իրենք ասելու բան չունեն։ Հատուկ ասում եմ Արտակ Զաքարյանի համար․ պարոն Զաքարյան, եթե դուք ունեք գաղտնիության ռեժիմից պետական գաղտնիքի մասին օրենքից  օգտվելու հնարավորություն, դուք կունենաք հնարավորություն կարդալու և ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ  ունի քննիչ հանձնաժողովը։  Ո՞ւր է Վիգեն Սարգսյանը, այդպիսի Պաշտպանության նախարար կար, օվկիանոսից ա՞յն կողմ է, թե՞ օվկիանոսի մյուս կողմում է, երկրագնդի մյու՞ս մասում է։ Ես ուզում եմ, որպեսզի բոլոր հանրապետականները գիտակցեն, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի շարունակությունը եղել է   44-օրյա սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ պատերազմը խանգարեց, որպեսզի զեկույցն իր ընթացակարգով ներկայացվեր ԱԺ-ում, և հենց ինքն էլ՝ որպես հանձնաժողովի նախագահ, տրամադրված էր, որեպեսզի այն  դրվեր ԱԺ-ի կայքում, որպեսզի ամեն ինչ բոլորին հասանելի լիներ։ 

«Զեկույցն ուղարկվել է Կառավարություն փորձաքննության, ես՝ ըստ կանոնակարգ օրենքի, ուղարկել եմ ԱԺ նախագահին, ուղարկվել է Կառավարություն, ստացել ենք փորձագիտական  եզրակացություն, թե գաղտնիության հետ  կապված ինչ խնդիրներ կան։ Հատկապես հետպատերազմյան շրջանում շատ զգայուն է   դարձել մեր բանակը։ Բանակը պետք է այս վիճակից  գա այն   մարտունակ վիճակին, որով մենք հպարտացել ենք տարիներ շարունակ։ Շատ դեպքերում՝ գուցե  ավելորդ չափաբաժիններով, երբ որ պետք է կենտրոնանանայինք անընդհատ ձեռքբերումների վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։