Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ի բոլոր մուտքերը փակել ենք, պատրաստ ենք ծայրահեղ քայլերի․ անհետ կորած զինծառայողի հարազատ

ՊՆ-ի բոլոր մուտքերը փակել ենք, պատրաստ ենք ծայրահեղ քայլերի․ անհետ կորած զինծառայողի հարազատ
Հայաստան
17:54, 08 апрель 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով այսօր առավոտյան հայտնել էր, որ ՊՆ-ում անհետ կորածների հարազատների հետ վերջին հանդիպման ընթացքում նախարարությունից խոստումներ էին տվել, որոնք մինչեւ այսօր չեն կատարվել։ Նրանց կարծիքով՝ գործընթացը դանդաղում է։ 

«Ներկա դրությամբ մենք նորից նույն ակցիան ենք իրականացնում, որը լինելու է երկարաժամկետ։ Այս պահին ՊՆ-ի բոլոր մուտքերը փակել ենք, բոլորիդ կոչ եմ անում՝ եկեք միացեք մեզ, այստեղ տեղում բոլոր հարցերը լուծենք», - ասել էր նա եւ մի քանի ժամ անց կրկին ուղիղ եթերով հայտարարել, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացնում ՊՆ-ի դիմաց եւ հնարավոր է բախումներ լինեն, եւ որ իրենք չեն ուզում դա։

«Մենք մեր արդարացի պահանջն ենք ներկայացնում, իսկ ոստիկանությունից մեզ զգուշացնում են՝ եթե դռները չբացեք՝ կդիմենք ուժի։ Մենք պատրաստ ենք ծայրահեղ քայլերի», - հայտարարել էր նա։

Civic.am-ի հետ զրույցում Արսեն Ղուկասյանը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ պահանջով են կրկին գնացել ՊՆ-ի մոտ, ասաց, որ հիմա շարունակում են ՊՆ-ի մոտ մնալ եւ ավելին ոչինչ չի կարող ասել։ Հարցին՝ ՊՆ-ից արձագանք եղե՞լ է, Ղուկասյանը պատասխանեց, «Մոտեցել են մեզ, խոսել ենք, գնացել են, բայց մենք այստեղ ենք՝ ՊՆ շենքի դիմաց»։
Մենք փորձեցինք կապվել ՊՆ-ի հետ, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեցին։
 
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ զինծառայողների հարազատները հավաքվել էին ՊՆ-ի մոտ եւ հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանին, ով հայտնել էր, որ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են, իսկ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն Արցախում նոր թափ կստանան։