Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բազմաթիվ քաղաքացիներից ստացել ենք զանգեր, որոնք սպասում են օրենքի ընդունմանը, որպեսզի ներգրավվեն զինվորական ծառայության մեջ․ Գևորգ Գորգիսյան

Բազմաթիվ քաղաքացիներից ստացել ենք զանգեր, որոնք սպասում են օրենքի ընդունմանը, որպեսզի ներգրավվեն զինվորական ծառայության մեջ․ Գևորգ Գորգիսյան
Հայաստան
13:27, 09 апрель 2021
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և ստացավ դրական եզրակացություն։

Հիմնական զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր, որը նիստին ներկա չէր և նախագիծը ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
 
Նրա խոսքով՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում շատ էին քաղաքացիները ովքեր ուզում էին անցնել պայմանագրային զինվորական ծառայության, իրենց արդեն սահմանամերձ դառած բնակավայրերում, բայց տարիքային ցենզը չէր բավարարում և իրենք առաջարկել էին բոլոր կոչումների համար տարիքային շեմը դարձնել 63 տարեկան։

«Կառավարությունը մեծ փաթեթ  է ուղարկել, այս առաջարկի ժամկետները մի քիչ խախտել է, բայց ընդհանուր առմամբ մեզ համար ընդունելի են այս մոտեցումները, որովհետև տարիքի բարձրացման միտումը պահպանվում է, ուղղակի կառավարությունն առաջարկում է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիք սահմանել։

Առարկություններ չունենք, ամեն դեպքում մեզ համար սա ընդունելի է, կարևոր է, այն  որ կա միտումը՝ տարիքի բարձրացման և այն քաղաքացիները, ովքեր ուզում էին մասնակցել իրենց բնակավայրի պաշտպանությանը հնարավորություն կստանան այս մոտեցմամբ մասնակցելու, հետևաբար առարկություններ չունենք»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ  այս հարցը երբ ավարտեն, էլի փոփոխություններ են նախապատրաստվում։

«Մենք ունենք գնդապետների ռեսուրս, որը մենք լավ չենք օգտագործում։ Այդ տարիքային խնդիրը գիտեմ, որ պատրաստվում է, այնպես որ սա որպես քայլ բավականին շատ լավ ընդունվեց»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Ի հավելումն Գևորգ Գորգիսյանն ասաց, որ այս ընթացքում արդեն բազմաթիվ քաղաքացիներից զանգեր են ստացել, կան նաև նամակներ,  որ քաղաքացիները սպասում են օրենքի ընդունմանը, որպեսզի ներգրավվեն զինվորական ծառայության մեջ։