Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի, ԵՄ-ի և դրա անդամ պետությունների միջև ստեղծվելու է ընդհանուր ավիացիոն գոտի. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Հայաստանի, ԵՄ-ի և դրա անդամ պետությունների միջև ստեղծվելու է ընդհանուր ավիացիոն գոտի. քննարկում ԱԺ հանձնաժողովում
Հայաստան
13:27, 07 сентябрь 2022
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է՝ ավիաընկերությունների միջև խտրականության բացառման և վարչական ընթացակարգերը նվազագույնի հասցնելու միջոցով: Համաձայնագրի կնքման արդյունքում կողմերի ավիափոխադրողների միջև ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ, ինչի նպատակով իրականացվել է իրավական դաշտի մոտարկում (անցումային դրույթների պահպանման հնարավորությամբ):

«Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ»,- ասաց փոխնախարարը:

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացմամբ և ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ, ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ և ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաև հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում: