Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց թիվը վերջնական չէ, Ադրբեջանը Հայաստանի 4 ուղղություններով հարձակում է իրականացրել, հետագայում ավելացել է 2-3 ուղղություն․ վարչապետ

«Կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել ՀՀ 4 ուղղություններով, և Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել որպես ի պատասխան իբր հայկական կողմի սադրանքների: Սակայն այդ տեղեկատվությունը բացարձակ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք. «Սակայն այդ թիվը, ցավոք, վերջնական չէ:

Նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում, որևէ տվյալ զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ չի հրապարակում»: 

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ մեր զինվորներն ու սպաները կռվել են անձնուրացաբար: «Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին և սպաներին՝ պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց նա և հավելեց, որ քանի դեռ կան նման մարդիկ, Հայաստանի Հանրապետությունն ունի և կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև, և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար: