Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են սադրանքների, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. Ինչ է տեղի ունենում և ինչու. Նիկոլ Փաշինյան

Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են սադրանքների,  բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. Ինչ է տեղի ունենում և ինչու. Նիկոլ Փաշինյան
Հայաստան
12:22, 13 сентябрь 2022
«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունների, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Վերջին օրերին ադրբեջանական կողմը, այսպես ասած, տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր Հայաստանի զինված ուժերի ձեռնարկած հարձակումների վերաբերյալ, ՊՆ-ն, բնականաբար, հերքում էր այդ ամեն ինչը, որովհետև դա իրականության հետ աղերս չուներ»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով հարցը, թե ինչ է տեղի ունենում և ինչու, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա առաջինը կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: «Դուք բոլորդ հիշում եք, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրել էր 5 առաջարկություն և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան այն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել: Սկզբում թվում էր, թե թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս և մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ այնուամենայնիվ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում այն է, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, քանի նրանց, կարծիքով, Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է. «Բայց պատմությունը սրանով չի ավարտվում. այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով արդյո՞ք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք կամ 2021թ. մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում, կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Արդյո՞ք Ադրբեջանը նկատի ունի նաև ՀՀ այս տարածքները: Այս հարցը Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստանում, համենայնդեպս մեր տպավորություններով»: