Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը փաստացի տորբեդահարում է խաղաղության օրակարգը. ՀՀ վարչապետ

Ադրբեջանը փաստացի տորբեդահարում է խաղաղության օրակարգը. ՀՀ վարչապետ
Հայաստան
13:10, 13 сентябрь 2022
 «Այս սադրանքը նպատակ ունի նաև տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն վիճակագրական թվեր չեն, դրանք նաև զարգացման որոշակի հնարավորություններ են»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հարց բարձրացրեց՝ արդյոք սա՞ է խաղաղության օրակարգի արդյունքը, և այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ՞. «Մենք բազմիցս ենք ասել, որ խաղաղության օրակարգ ասելով նաև հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ: Այս գործողություներով Ադրբեջանը փաստացի տորբեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունը այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ն կարող է մեծ տեմպերով զարգանալ, և խաղաղությունը այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»:

Նրա խոսքով՝ որքան էլ տարօրինակ թվա, բոլորն էլ ուզում են խաղաղություն, բայց խաղաղություն ասելով յուրաքանչյուր սուբյեկտ հասկանում է պայմանների և իր պատկերացումների որոշակի խումբ. «Այդ խաղաղությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ այդ պայմաններն ու պատկերացումները կամ չեն համընկնում, կամ հնարավոր չի լինում նրանց մոտեցնել»: