Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգտվելով ՌԴ-ի իրավիճակից, Ադրբեջանը նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին. Զատուլին

Օգտվելով ՌԴ-ի իրավիճակից, Ադրբեջանը նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին. Զատուլին
Հայաստան
15:07, 13 сентябрь 2022
«Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ռուս պատգամավորը նաեւ հավելել է՝ հիմա դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Նախօրեին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով։

Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններում Ռուսաստանի մասնակցությունից եւ նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին։ «Հրետակոծությունները, ցավոք, տխուր իրողություն են, որ ուղեկցում են հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ երկար տարիներ, բայց հատկապես՝ երկու տարի վաղեմության պատերազմից ի վեր։

Այս պատերազմից հետո Ադրբեջանը օգտագործում է բոլոր ճանապարհներն ու միջոցները՝ Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար։ Ադրբեջանին՝ շրջանների հանձնումից հետո, սա արդեն մի շարք հետեւանքների է հանգեցրել, բայց Ադրբեջանին, ըստ ամենայնի, դա ամբողջությամբ չի բավարարում. նա ավելին է ուզում եւ օգտագործում է այն հանգամանքը, որ ուկրաինական իրադարձությունների մեջ ներքաշված Ռուսաստանը բարդ իրադրության մեջ է՝ իր պահանջները ներկայացնելու համար, որոնք շատ նման են վերջնագրի։ Ինձ թվում է, որ մենք քաղում ենք երկու տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքը:

Կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների հետեւում»։ Պատգամավորը կարծիք է հայտնել նաեւ, որ ՌԴ-ն ձեռնպահ կմնա ռազմական գործողություններին միջամտելուց, բայց պետք է «սանձի Ադրբեջանին»: Ըստ նրա, ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունն Արցախի տարածքում արդեն իսկ ուժի կիրառում է:

Կոնստանտին Զատուլինը նաեւ կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի ձեռնպահ մնա ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությունից, բայց պետք է ամեն ջանք գործադրի՝ Ադրբեջանից «հանգիստ վարքագիծ» ստանալու համար.

«Բայց այն պայմաններում, երբ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ»: