Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայհոյախոսությունը պետք է դադարեցվի, այդտեղ խոսքի ազատության որևէ վտանգ չեմ տեսնում. Աշոտ Մելիքյան

Հայհոյախոսությունը պետք է դադարեցվի, այդտեղ խոսքի ազատության որևէ վտանգ չեմ տեսնում. Աշոտ Մելիքյան
Հայաստան
14:13, 11 апрель 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

– Արդարադատության նախարարությունն առաջարկում է հրապարակային հայհոյանքի համար 100-150 հազար դրամի տուգանք սահմանել: Ըստ ներկայացված նախագծի՝ հասարակական վայրերում, լրատվամիջոցներում, ինտերնետային կայքերում և սոցցանցերում խոսքի, պատկերի, նշանի միջոցով հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ցանկացած ձևով վիրավորանքը կառաջացնի տուգանքի նշանակում 100-150 հազար դրամի չափով, իսկ մեկ տարում նույն արարքը կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի 151-300 հազար դրամ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը: Կա՞ր սրա անհրաժեշտությունը:

– Մեծ հաշվով մենք, իհարկե, նկատում ենք, որ հատկապես հետպատերազմյան շրջանում հայհոյախոսությունը թեժացել է: Ճիշտ է, դա եղել է նաև նախորդ տարիներին, բայց հասարակական-քաղաքական իրավիճակը սրվելուց հետո կարծես թե մարդիկ բոլոր սահմաններն անցնում են: Սա մեծ հաշվով, իհարկե, իշխանության արձագանքն է այս երևույթին: Ուղղակի եթե խոսքը լիներ միայն հայհոյանքի մասին, դա շատ կոնկրետ կլիներ, և այդտեղ դժվար է որևէ առարկություն ասելը, բայց երբ այդտեղ նաև վիրավորանքի մասին է խոսվում, այստեղ արդեն մի քիչ ավելի շատ հարցեր են առաջանում՝ այն իմաստով, որ որոշ դեպքերում նույն քննադատությունը կամ սուր խոսքը ընկալվում է որպես վիրավորանք: Բացի դրանից, մեկ այլ խնդիր էլ կա. վիրավորանքի համար մենք արդեն ունենք Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որտեղ վիրավորանքի մասին կան դրույթներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում: Այնպես որ, այս նախաձեռնության ընթացքում նույնպես վիրավորանքն ավելացվել է: Ես կարծում եմ, որ այս նոր նախաձեռնության մեջ վիրավորանքը ներառելն ավելորդ է, և որևէ իմաստ չունի այս փուլում դա կիրառելը: Կարծում եմ՝ գործող օրենսդրության իմ նշած հոդվածը լրիվ բավարար է:

– Պարոն Մելիքյան, ամեն դեպքում այս քայլերը մամուլի ազատությունը սահմանափակելու միտում ունե՞ն: Մի կողմից՝ նշվում է, որ իշխանությունը գնում է մամուլը ճնշելու ուղղությամբ, մյուս կողմից՝ ասվում է, որ երբեք Հայաստանում մամուլն այսքան ազատ չի եղել: Որտե՞ղ է ճշմարտությունը:

– Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն այս ընթացքում հանդես եկան մի շարք նախաձեռնություններով, մասնավորապես, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմը եռապատկելը, որը մեր կողմից խիստ քննադատության է արժանացել, երկրորդը՝ պետական պաշտոնյաներին վիրավորելու և զրպարտելու պարագայում քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը, բացի դրանից, Զանգվածային լրատվության մասին օրենքում անանուն աղբյուրներին կամ չնույնականացվող աղբյուրներին հղում կատարելն արգելելը: Այդ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների համատեքստում, այո, մենք տեսնում ենք, որ իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով է փորձում հարցեր լուծել, որը միշտ չէ, որ ճիշտ է: Մենք մեր դիրքորոշումը արդեն բազմաթիվ հայտարարություններով արտահայտել ենք և ասել, որ դա անհիմն կսահմանափակի խոսքի ազատությունը և լրատվամիջոցների գործունեությունը:
Մյուս կողմից, իհարկե, մենք տեսնում ենք այն սանձարձակությունը, որը տիրում է և՛ սոցիալական ցանցերում, և՛ լրատվամիջոցներում: Այստեղ պետք է, իհարկե, գտնել այն ոսկե միջինը, որը կօգնի առողջացնել իրավիճակը: Բայց այդպես կոշտ օրենսդրական սահմանափակումները միշտ չէ, որ սպասվող արդյունքը տալիս են: Մյուս կողմից՝ երևի թե պետք է արձանագրել, որ հետխորհրդային 30 տարիների ընթացքում երբեք չի եղել, որ մասնավոր հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը ասոցացվի ընդդիմադիր ուժերի հետ, և այդքան ընդգծված ընդդիմադիր կեցվածքով գործող հեռուստաընկերություններ լինեն: Ովքեր ասում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, այ էս տիպի իրողություններն են արձանագրում, և դա էլ համապատասխանում է իրականությանը: Ցավոք, խոսքի ազատության ոլորտում մեզ մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն է. կան բացարձակ ազատության դրսևորումներ, և կան ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր դրսևորումներ: Այս ամենը քննարկման և ավելի արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։