Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում վնասվել է մի շարք բնակավայրեր մատակարարող էլեկտրական գիծը, շտապօգնության մեքենաները, Գեղարքունիքում՝ տները, գազի խողովակներ, արտերը. ԱԻ նախարար

«Սյունիքի մարզում Սիսիան համայնքի՝ Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Մենք ունենք նաև շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում»,-այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 13-ին ու 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակման փորձի հետևանքները։ 

«Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի, գարու արտեր։ Սոթք բնակավայրում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մասնավոր մեքենաներ»,-հավելեց նա։  

Նշենք, որ Արմեն Փամբուխչյանն ավելի վաղ ներկայացրել էր Վայոց Ձորում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերումները։