Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ստորաբաժանումները 12-13 կմ հեռու էին գտնվում Ջերմուկ քաղաքից, իսկ այս պահի դրությամբ ընդամենը 4,5 կմ են հեռու. ԳՇ պետ

Ադրբեջանական ստորաբաժանումները 12-13 կմ հեռու էին գտնվում Ջերմուկ քաղաքից, իսկ այս պահի դրությամբ ընդամենը 4,5 կմ են հեռու. ԳՇ պետ
Հայաստան
15:36, 16 сентябрь 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից նախքան սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները 12-13 կմ հեռու էին գտնվում Ջերմուկ քաղաքից, իսկ այս պահի դրությամբ ընդամենը 4,5 կմ են հեռու Ջերմուկ քաղաքի մատույցներից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։   
 
ԳՇ պետի խոսքով՝ Ջերմուկ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների որոշ խմբավորումներ ՀՀ զինված ուժերի կողմից գտնվում են շրջափակման մեջ։  

Ըստ Էդվարդ Ասրյանի ներկայացրած տվյալների՝ ադրբեջանական զինված ուժերը 8 կմ խորությամբ առաջխաղացում են ունեցել Ջերմուկում։ 

Դեսպաններն ու միջազգային կառույցի ներկայացուցիչները հարցեր ուղղելով ԳՇ պետին՝ ընդգծեցին, որ Ջերմուկի ճանապարհը թիրախավորված էր,  ինչին ի պատասխան՝ ԳՇ պետը նշեց, որ հակառակորդի արձակած հրթիռի հետևանք է, որը հնարավոր է թերի թռիչք է կատարել՝ չհասնելով նշանակետին։ 

Էդվարդ Ասրյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել Ջերմուկում, այդ թվում՝ ճոպանուղին, որի շրջակայքում մանկական խաղահրապարակներ են, և թիրախավորումը եղել է հենց այն պահին, երբ այնտեղ կային երեխաներ։   
ԳՇ պետը շեշտեց, որ Ջերմուկը միջազգայնորեն ճանաչված կուրորտ է՝ տուրիստական վայր, իսկ այս պահին որևէ մեկը չկա, Ջերմուկի բնակիչները ևս գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են ապահով վայրեր։  

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին դիտարկելու Ջերմուկում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունները։ 

ԳՇ պետը տեղեկացրեց նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել է 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել: