Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը և ՏՄՊՊՀ-ն առանց նախազգուշացման ստուգումներ կիրականացնեն․ Գեղամ Գևորգյան

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը և ՏՄՊՊՀ-ն առանց նախազգուշացման ստուգումներ կիրականացնեն․ Գեղամ Գևորգյան
Հայաստան
11:20, 12 апрель 2021
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա պետք է համապատասխանեն իրականությանը, որ հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,-այսօր՝ ապրիլի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

Նա հիշատակեց, որ դեռևս երկու տարի առաջ հանձնաժողովը տնտեսվարողների հետ  համագործակցությամբ ձեռնամուխ է եղել այս խնդիրը կարգավորելուն, և թեպետ ստուգումների արդյունքից ելնելով կարող է ասել, որ դրական դինամիկան ակնհայտ է, սակայն դաշտը ամբողջությամբ զերծ չէ իրավախախտումներից։

Գեղամ Գևորգյանը մատնանշեց, որ կան սուպերմարկետներ, որտեղ դարակաշարերով առանձնացված են կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները և այդ կարգը ոչ միայն մեծ սուպերմարկետներում, այլև փոքր խանութներում պետք է պահել․ «Սպառողը իր համար հնարավորինս մատչելի ճանապարհով պետք է տեսնի կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները»,- հավելեց նա։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով լինում են դեպքեր, երբ ամբողջությամբ կեղծվում է ապրանքը՝ մակնշվում մեկ բաղադրիչ, սակայն առկա է մեկ այլ սննդային բաղադրիչ․ «Այստեղ մենք տնտեսվարողներին հորդորում ենք զերծ մնալ նման կեղծիքից, որովհետև այս պահից սկսած Սննդամթերքի անվտանգության ծառայությունը և մեր հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացնելու առանց նախազգուշացման, որպեսզի հայտնաբերենք այդ իրավախախտումները»։