Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տհաճ արձանագրում․ Դատական համակարգի ընկերակցությանը միացել է ՀՀ նախագահը․ 1in.am

Ապրիլի 14-ին ժամը 13-ին «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախատեսում է իրականացնել բողոքի ակցիա Բարձրագույն դատական խորհրդի դիմաց: Ինչպես նշվում է, ակցիային մասնակցելու են փաստաբաններ, իրավապաշտպաններ, դատական համակարգի ապօրինություններից տուժած քաղաքացիներ:

Այս առնչությամբ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այս թուհոբոհի, այս տեղեկատվական քամիների, այս եթերային կողմնակի աղմուկների մեջ մենք կարծես կորցրել ենք թելը, կորցրել ենք այն ընկալումը, թե որն է մեր այս ներքին ճգնաժամի կարևորագույն պատճառը»:

Նա ընդգծեց՝ դատական իշխանությունը իշխանության երեք թևերից մեկն է և միակը, որտեղ որակական առումով տեղի չի ունեցել իշխանափոխություն. «Այսօր դատական իշխանությունը չի ծառայում պետությանը, քաղաքացուն, ավելին՝ դատական իշխանությունն այսօր կախվել է գործադիր և օրենսդիր իշխանության թևերից, որ հանկարծ որևէ բան չփոխվի դատական իշխանության մեջ»:

Մեր զրուցակիցը մեծ ցավով արձանագրեց, որ այդ ընկերակցությանը միացել է նաև Հայաստանի նախագահը. «ՀՀ նախագահը կատարել է իր վերջնական ընտրությունը. նա հրաժարվում է դառնալ ճգնաժամի  լուծման մաս և գերադասում է դառնալ ճգնաժամի մաս»:

Բարձրագույն դատական խորհուրդը, Մեհրաբյանի խոսքով, այսօր գործում է ընդդեմ պետության և ընդդեմ հասարակության. «Մեր այս ակցիան ուղղված է ընդդեմ ԲԴԽ-ի ներկայիս կեցվածքի՝ ի պաշտպանություն այն անձանց, ովքեր իրենց առաքելության գիտակցմամբ են անդամակցում այդ կարևորագույն մարմնին»:

Խոսելով ակցիայից ունեցած ակնկալիքների մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ քաղաքական դաշտի ժողովրդավարական հատվածի, օրենսդիր և գործադիր իշխանության ուշադրությունը կսևեռվի այդ խնդրի վրա. «Այս պրոբլեմների վրա կսևեռվի նաև դատական իշխանության առողջ սեգմենտի ուշադրությունը, որովհետև զուտ նույնիսկ մասնագիտական պատվախնդրության տեսակետից այն, ինչ այսօր անում է դատական համակարգը՝ հանձինս իր մի շարք անպատասխանատու ներկայացուցիչների, ուղղակի ստորացուցիչ է ցանկացած իրավաբան մասնագետի համար»: