Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա, որ ասում են Շուշիի հերոսներին դատում են, իրենք մարդիկ են, որ կապ էլ չունեն Շուշիի հետ․ Սամվել Բաբայան

Հիմա, որ ասում են Շուշիի հերոսներին դատում են, իրենք մարդիկ են, որ կապ էլ չունեն Շուշիի հետ․ Սամվել Բաբայան
Հայաստան
15:51, 12 апрель 2021
«44-օրյա պատերազմում պարտվելու մանրամասն պատճառները՝ ճշմարտությունը ես ինչքան նայում եմ ձեզ՝ հասարակությանը չի հետաքրքրում, սենսացիան է հետաքրքրում։ էն զինվորը, որի վրա քրեական գործ է հարուցված պատերազմից փախնելու համար, հարցրե՞լ եք քանի անգամ է իր ծառայության ժամանակ կրակայինում եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 

Նա, անդրադառնալով պատերազմում պարտության պատճառներին, շարունակեց․ «Ես մինչև պատերազմը ներկայացրել եմ, որ ՄՈԲ-ը պետք է առանձին միավոր դառնա, ոչ թե համալրի։ Համալրման ժամանակ զորամասի տվյալ սպաները պատրաստ չեն այդքան կոնտինգենտ ընդունելու ու կառավարելու։ Զինվորներին, որ հարցնում եք, ասում են՝ թուրք չենք տեսել։ Հրետանին է հեռվից աշխատել, աշխատել են անօդաչու սարքերը, որի մասին ես դեռևս 2013թ․ ասում էի, իսկ ինձ ասին՝ մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում։ Ես էլ ասի՝ դե բռնեք տեսնենք»։ 

Սամվել Բաբայանը շեշտեց, որ հիմա հրապարակային ելույթներ ունեցող և 20 տարուց ավելի գործող գեներալները պետք է ղեկավարեին բանակը․ «Երբ այդ գեներալների ենթակաները՝ հետախուզության պետերը, կոնտրռազվետկան զեկույցներ են ներկայացրել, թե հակառակորդը ինչով է զինվում, ինչ զորամասեր ունի, ինչ է ավելացրել՝ այդ ժամանակ գեներալները որոշումներ պետք է կայացնեին։ Գլխավոր շտաբի պետը, նախարարը ի՞նչ որոշումներ են կայացրել։ Երբ շտաբի պետն ասում է՝ երեք օրից հետո ես հասկացա, որ մենք պատրաստ չենք պատերազմի, ես առաջարկում եմ նրան՝ գրավոր ներկայացնի՝ ի՞նչն է իրեն բերել նրան, որ երրորդ օրը հասկացել է՝ բանակը պատրաստ չի պատերազմի»։

Արցախի ԱԽ նախկին քարտուղարի դիտարկմամբ՝ երբ պատերազմի ժամանակ կայացված որոշումների փաստաթղթեր են իրար կողք դրվում՝ պարզ է դառնում մեղավորների ցանկը․ «Մեկը չի, երկուսը չի, տասը չի, դա լուրջ ցանկ է»։

 Սամվել Բաբայանն, անդրադառնալով Շուշիին, հիշատակեց, որ ինքը օպերացիա էր մշակել Շուշին պահելու, սակայն օպերացիան իրականացնելու գիշերը տվյալ զորամասերը հրաժարվել են իրականացնել իր գծած քարտեզով օպերացիան․ «Մենք բոլորս հարց ենք տալիս՝ ո՞նց հանձնեցինք Շուշին։ Հիմա, որ ասում են Շուշիի հերոսներին դատում են, իրենք մարդիկ են, որ կապ էլ չունեն Շուշիի հետ։ Երբ բոլորն անկեղծանան ու ասեն թե ոնց 90-ականներին ազատագրեցինք Շուշին, արդեն պարզ կդառնա թե ոնց հանձնեցինք։ Մենք 90-ականներին՝ Չանախչի, Սխնաղ գյուղերը զորքերը ենք դրել, բազա ենք ստեղծել, բարձրացել ենք սարը, որը կախվում է դեպի Լիսագոն ու ճանապարհը փակել ենք»,-ասաց նա ու հավելեց, որ այս պատերազմում ադրբեջանցիներն էլ նույն ձևով գրավել են Շուշին․ «Մեր զորքերը ամսի 8-ին ժամը 12։00-13։00 հետ են քաշվել բոլոր ուղղություններով։ Թիկունքից է ամեն ինչ կատարվել»։