Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ երկու տղաներին իրավունք չունեին տանել, Հադրութում շրջափակման մեջ են ընկել եւ զոհվել»․ ծնող

Արցախյան վերջին պատերազմում 19 եւ 21-ամյա որդիներին կորցրած Արթուր Թեւոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ պահանջում է, որ բացահայտվի իր տղաների զոհվելու պատճառները։ 

«Միշտ էլ պահանջելու եմ, դիմել ենք ԱԱԾ-ին եւ ՀՔԾ-ին, որ բացահայտվի իմ տղաների զոհվելու պատճառը։ Իմ տղաներին հոկտեմբերի 11-ին դիրքերից հանել են, տարել Հադրութի ուղղությամբ, որից հետո ոչ մի տեղեկություն չունեցանք», - ասաց նա եւ հավելեց․ «Հրամանատարները խաբում էին, թե ամեն ինչ լավ է, հետո տղաներիս հուղարկավորել եմ։ Ո’չ ԱԱԾ-ում, ո’չ ՀՔԾ-ում այս գործը առաջ չի գնում, իմ տղաներին իրավունք չունեին տանել, Հադրութում շրջափակման մեջ են ընկել եւ զոհվել»։

Ծնողներից մեկ ուրիշը ասաց, որ երեխաներին դիտավորյալ են տարել «մսաղաց»։ Նրա խոսքով՝ Ջալալ Հարությունյանը, իմանալով, որ սեպտեմբերի 27-ին մեր հակաօդային պաշտպանությունը զրո է եղել, երեխաներին տեղափոխել են այդտեղ։ 

«Մենք մեր ձեռքի տակ ունենք այդ հրամանը, եթե ԱԱԾ-ն  պահանջի՝ ես ներկայացնելու եմ։ Այս ամիսների ընթացքում մեզ ոչ մի պատասխան չեն տվել։ Դրանից մի օր առաջ գումարտակ է գնացել ու մազապուրծ հետ եկել, ինչի՞ համար էին այդ երեխաներին տանում մտցնում այդ մսաղացը», - ասաց զոհված զինծառայողի ծնողը։