Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե ՍԴ օբյեկտիվությունը ոչ մեկի մոտ կասկած չառաջացներ, մարդիկ չէին անհանգստանա, որ նախագահը դիմում է ՍԴ»․ փաստաբան

«Եթե ՍԴ օբյեկտիվությունը ոչ մեկի մոտ կասկած չառաջացներ, մարդիկ չէին անհանգստանա, որ նախագահը դիմում է  ՍԴ»․ փաստաբան
Հայաստան
18:09, 12 апрель 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց չստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան։  

Նախագահը գտել է, որ օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:  
 
«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում։... Ելնելով վերոհիշյալից և ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,-ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
 
Իրավագետ Արտաշես Խալաթյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի քայլին, նկատեց, որ որպես մասնագետ նախագծում իրավական որոշակիության խնդիր չի տեսնում և նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից էլ պարզ չէ, թե որ դրույթներն են խնդրահարույց։
 
 Խալաթյանի խոսքով՝ միայն մեկ դրույթ կա առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում, որն առերևույթ կարող է սահմանադրականության հետ խնդիր առաջացնել։ Խոսքը վերաբերում է ԲԴԽ որոշմամբ  դատական գործի քննության ընթացքում դատավորի փոփոխության նորմին։ Այս դեպքում կարող են խնդիրներ առաջանալ դատական գործի անընդհատության, դատավորի անկողմնակալության, ինչու չէ՝ նաև ողջամիտ ժամկետում դատական գործի քննության հետ. «Սա ինքնին խնդրահարույց նորմ է, բայց ինչ վերաբերում է մնացած փոփոխություններին, ապա կարծում եմ, որ որեւէ սահմանադրական խնդիր գոյություն չունի և նախագահի տարածած հայտարարությունն էլ  հնարավորություն չի տալիս խորությամբ ըմբռնել, թե նախագահը որ հարցերում է խնդիրներ տեսնում։ Գոնե ես որպես մասնագետ իրավական որոշակիության խնդիր չեմ տեսնում»,- ասաց Խալաթյանը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով նախկինում եղած պրակտիկան, երբ նախագահը ստորագրում էր այն ամենը, ինչ ներկայացնում էին իրեն ստորագրման, կարո՞ղ ենք հետևություն անել, որ այստեղ որոշակի քաղաքական բաղադրիչ կա՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կան քաղաքական նրբերանգներ։ Բայց հարցը պետք է երկու մասի բաժանել։ Մեկն այն է, որ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի և իր լիազորություններից մեկն էլ ՍԴ դիմելն է։ Բայց եթե նախագահը օբյեկտիվորեն  օգտվի իր լիազորություններից, դրանից բոլորը կարող են մեծապես շահել։ Հետևաբար պետք չէ բոլոր դեպքերում սվիններով ընդունել նախագահի կողմից իր գործառութային ապարատի կիրառումը։ Բայց բոլոր դեպքերում վերջին շրջանում նախագահի կողմից տեսնում եմ որոշակի սուբյեկտիվիզմի տարրեր։ Ցավոք սրտի, նախագահը և վարչապետը տևական ժամանակ է սառը փոխհարաբերությունների մեջ են և կարծես, ինչ որ ներքին մրցակցություն կա  միմյանց իրենց սուբյեկտայնությունը ապացուցելու առումով։ Հետևաբար, ես կարծում եմ, որ նախագահի որոշ գործողութուններ կարող են պայմանավորված լինել դրանով»։
 
Նախագահ-վարչապետ հարաբերություններից բացի, մեր զրուցակցի խոսքով, այստեղ կա նաև իրավական մշակույթի հարց կապված Սահմանադրական դատարանի հետ։ «Հատկապես Քոչարյանի վերաբերյալ խիստ խնդրահարույց որոշումից հետո Սահմանադրական դատարանը նորից ասոցացվում է  նախկին քաղաքական ավտորիտար ռեժիմին սպասարկելու հետ։ Դրա համար էլ բոլորի մոտ մտահոգություն է առաջանում, թե ինչու է նախագահը դիմել Սահմանադրական դատարան։ Այստեղ հարցը ոչ այնքան նախագահի մեջ է, որքան Սահմանադրական դատարանի։ Եթե Սահմանադրական դատարանի օբյեկտիվությունը ոչ մեկի մոտ կասկած չառաջացներ, մարդիկ չէին անհանգստանա, որ նախագահը դիմում է  ՍԴ»,-ասաց Խալաթյանը՝ավելացնելով, որ այս հարցում էլ գործող իշխանությունը իր մեղքի բաժինն ունի, քանի ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունը գնաց կիսատ լուծման և սխալ կադրային քաղաքականություն իրականացրեց. «Գոնե Երվանդ Խունդկարյանի մասվ կասկած չկար, որ նա որոշակի շահերի բախում ունի և կարող էր տեղափոխվել նախկին ռեժիմի ազդեցությունների տիրույթ, որին ականատես ենք լինում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամբողջ թնջուկի միակ լուծումը կարող է լինել ՍԴ-ի լուծարումը, ՍԴ-ից ամբողջությամբ հրաժարվելն ու Գերագույն դատարան ստեղծելը՝ ՍԴ-ի ներկա կազմի գրեթե ամբողջական փոփոխությամբ։ 

Փաստաբան Գևորգ Դավթյանը կարծում է, որ վերջին շրջանի նախագահի գործողությունները շատ ավելի քաղաքական են, քան իրավական։ Քանի որ եթե համեմատության մեջ ենք դնում նախագահի գործողություննրը նախկինում և ներկայումս, ապա պարզ է դառնում, որ ինչ- որ բան է փոխվել։ «Այո, ես որոշակի քաղաքական բաղադրիչ տեսնում եմ նախագահի գործողութուններում։ Հարցերը ոչ այնքան իրավական են, որքան քաղաքական։ Իմ մոտ, օրինակ, հարց է առաջանում՝ նախկինում բոլոր օրենքները իդեալակա՞ն էին, որ ոչ մի օրենք չէր վիճարկում Սահմանադրական դատարանում։ Ինչ ներկայացնում էին, ստորագրում էր։ Սա է խնդիրը»,-ասաց Դավթյանը։ 

Արփի Հարությունյան