Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկիրը փորձադաշտ չի, որ դուք գնաք այնտեղ ծանոթանաք․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՀԾԿՀ-ի թեկնածուին

«ԱԺ կանոնակարգում ոչինչ հենց այնպես չի գրվում։ Ձեզ ընձեռնվել էր քսան րոպե ելույթ ունենալու համար։  Շատ դեպքերում էդ երկու-երեք  րոպեանոց ելույթները չի բավարարում ներկայացնելու դիրքորոշում  դրա համար որոշում է  կայացվել, որ  այս ընթացակարգում անձը պետք է ունենա քսան րոպե հնարավորություն ելույթ ունենալու համար։ Սա առաջին դեպքն է, որ ես տեսնում  եմ, որ թեկնածուն օգտագործում է  մոտ երեքուկես, չորս րոպեն, որից մի մասը կենսագրականն է»,- ՀԾԿՀ անդամի թեկնածուին դիմելով՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա նաև ասաց, որ Բունիաթյանն ուներ հնարավորություն  առնվազն քսան րոպե՝ ներկայացնելու իր տեսլականը այդ հանձնաժողովի ձևավորման, սակայն ոչինչ չի ասում օրենսդրական ակտերի մասին, որոնք կարգավորում է այդ մարմնի գործունեությունը, ոչինչ չի ասում իր տեսլականի մասին, թե ինչ լավագույն միջազգային փորձ կա, ոչինչ չի ասում նրա մասին, թե ինչ խնդիրների է առնչվել առ այսօր այդ հաստատության գործունեության հետ կապված, ոչինչ չի ասում իր դերակատարության  հետ կապված։ 

«Սակագները չենք բարձրացնի, իսկ եթե իրավիճակ լինի և օբյեկտիվորեն սակագները պետք է բարձրացնել, ինչպիսի՞ն է լինելու  Ձեր դիրքորոշումը։ Շատ հարցերին պատասխանում եք՝ դեռ ծանոթ չեմ, կգնամ, կծանոթանամ։ Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի, որ գնաք այնտեղ ծանոթանաք, և մեղադրանք առ այն, որ կրկին ԱԺ-ն նշանակեց պաշտոնի՝ անձի, որը գնալու է հետո ծանոթանա, մեզ հարկավոր չեն։ Ես կխնդրեի մեզ և հանրությանը պատասխանեք մեկ հարցի, ի՞նչն էր Ձեզ խոչընդոտում մինչև ԱԺ ներկայանալը ծանոթանալ բոլոր այն ընթացակարգերին, գործընթացներին, հրապարակումներին, խնդիրներին, որոնք առկա են ՀԾԿՀ-ի կարգավորման ոլորտում»,- հարցրեց Վլադիմիր Վարդանյանը։

Ի պատասխան Լևոն Բունիաթյանն ասաց, որ ինքը չի նշել, որ սակագները չի թողնելու բարձրացվի, այլ ասել է, որ մասնավորապես՝ հնարավորության դեպքում։

«Այո,՛ իհարկե  կարող են լինել դեպքեր, որ իրականում պետք է, որ բարձրանա։ Ինչ վերաբերում է  զեկույցին և այդ ժամանակին,  այդքանն եմ կոնսպեկտ արել և չեմ ուզեցել Ձեր թանկագին ժամանակն օգտագործել մնացած հարցերով։ Եվ ինձ ժամանակը շատ քիչ է տրված եղել գործունեություններն ամբողջությամբ  կարդալու, ուսումնասիրելու»,-ասաց Լևոն Բունիաթյանը։