Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը անմիջապես կարձագանքի ցանկացած տեղում, որտեղ վտանգ կլինի Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերին. Ղևոնդյան

ՀԱՊԿ-ը անմիջապես կարձագանքի ցանկացած տեղում, որտեղ վտանգ կլինի Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերին. Ղևոնդյան
Հայաստան
15:37, 22 сентябрь 2022
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած «31-ամյա պետականությունն անվտանգության մեծ վակուումի մեջ ու մարտահրավերների հորձանուտում» խորագրով քննարկման ընթացքում Ռոբերտ Ղևոնդյանը, անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն, նշեց, որ դա մի օրվա գործընթաց չէ։ Ընթացակարգով դուրս եկեղ կողմը պետք է դուրս գալու մասին վեց ամիս առաջ տեղյակ պահի կազմակերպության անդամ պետություններին։ Սակայն, ըստ Ղևոնդյանի, Հայաստանը կարող է սառեցնել անդամակցությունը այդ կառույցին, որն ավելի արագ գործընթաց է։ 

Անդրադառնալով ՀԱԿՊ-ի ստեղծման նպատակին՝ Ղևոնդյանն ասաց. «ՀԱՊԿ-ը ձևավորվել է պաշտպանելու համար Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերը հետխորհրդային տարածքում։ ՀԱՊԿ-ը այլ նպատակներ չունի»: Ղևոնդյանն օրինակ բերեց Տաջիկստանն ու Ղրղզստանը, որոնք իրար հետ կոնֆլիկտ ունեն, իսկ ՀԱՊԿ-ը ամեն անգամ բավարարվում է իր անդամներից մեկի ԱԳ նախարարի հետ զրույցով և կոչով, որովհետև այդ կոնֆլիկտը ՌԴ ինտեգրացիոն նախագծի համար վտանգ չի ներկայացնում։ 

«Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը ևս ՌԴ ինտեգրացիոն նախագծերին վտանգ չի ներկայացնում, որովհետև ՌԴ ինտեգրացիոն նախագծերի տրամաբանությունը Հայաստանն ու Ադրբեջանը ամբողջությամբ իր նախագծերում ներառելն է, իսկ այդ տարածության ներքին տարածքում կոնֆլիկտները որևէ կերպ չեն խոչընդոտում այս նպատակի իրականացմանը»,- ասաց Ղևոնդյանը։ 

Վերջինս զուգահեռներ տարավ նաև Ղազախստանի դեպքերի հետ՝ նշելով, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները վտանգ էին ներկայացնում Ռուսաստանի ինտեգրացիոն ծրագրերին, և ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքեց։ «ՀԱՊԿ-ը անմիջապես կարձագանքի ցանկացած տեղում, որտեղ վտանգ կլինի Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերին։ Մեզ այս կողմում որևէ լավ բան չի սպասվում, իսկ այն կողմում կարող է սպասվել, կարող է չսպասվել։ Այսինքն՝ ունենք երկու ընտրություն՝ կամ գնալ ուղիղ մահվան երախը, կամ դուրս գալ այդտեղից։ Ոչինչ չի երաշխավորում, որ մենք կկարողանանք դուրս գալ այդտեղից, բայց հնարավորություններ կան»,- ասաց նա։ 

Ղևոնդյանն անդրադարձավ նաև ռուսական էներգակիրներին՝ նշելով, որ կան տեղեկություններ, որ ռուսական գազը Արևմուտք է գնում ադրբեջանականի անվան տակ, և այս մասին Եվրոպայում գիտեն, սակայն ստիպված են համակերպվել դրա հետ, որովհետև էականորեն կախված են ռուսական էներգակիրներից։ Դրա համար Արևմուտքը փորձում է գտնել այլընտրանքային ճանապարհներ, բայց այդ ծրագրի իրականացումը, ըստ Ղևոնդյանի, մեկ օրվա գործ չէ, դրա համար տարիներ են պետք։ «Այդ ծրագրի իրականացումը կախված է Սյունիքից։ Դրա համար պետք է, որ Սյունիքը մնա հայկական, այլապես, եթե միջանցքը լինի, այդ ծրագիրը վերջնականապես կտապալվի։ Թե ինչո՞ւ Ռուսաստանն ու Թուրքիան չեն ուզում, որ Սյունիքով անցնեն այդ հնարավոր էներգակիրները, կարծում եմ՝ ակնհայտ է», - ասաց Ղևոնդյանը։