Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ում մնալը երաշխիք է, որ Հայաստանը գնալու է անդունդ, կառափնարան. ԱՄՆ-ը մեզ քաղաքական երկխոսություն սկսելու առաջարկ արեց, որի առաջին քայլը կարող է դիտարկվել ՀԱՊԿ-ից դուրս գալը. քաղաքագետ

ՀԱՊԿ-ում մնալը երաշխիք է, որ Հայաստանը գնալու է անդունդ, կառափնարան. ԱՄՆ-ը մեզ քաղաքական երկխոսություն սկսելու առաջարկ արեց, որի առաջին քայլը կարող է դիտարկվել ՀԱՊԿ-ից դուրս գալը. քաղաքագետ
Հայաստան
15:49, 22 сентябрь 2022
«Վերջին ռազմական գործողությունները ՀՀ-ի դեմ չպետք է համեմատության մեջ դրվեն ո՛չ 44-օրյա պատերազմի, ո՛չ  Ապրիլյան պատերազմի և ոչ էլ Առաջին արցախյան պատերազմի հետ։ Սա լրիվ ուրիշ կոնֆլիկտ է, լրիվ ուրիշ սրացում է, սա Ադրբեջանի հարձակումն է Հայաստանի արևելյան սահմանների վրա»,- այսօր ՄԱՀՀԻ-ի կողմից կազմակերպված «31-ամյա պետականությունն անվտանգության մեծ վակուումի մեջ ու մարտահրավերների հորձանուտում»  խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ 

 «Երբ մենք խոսում ենք այս կոնֆլիկտի մասին, անգամ Արցախ բառը չպետք է գործածենք, քանի որ, կրկնում եմ, սա Ադրբեջանի հարձակումն է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, որը ոչ մի կապ չունի արցախյան հիմնահարցի հետ։ Արցախյան հիմնահարցը, Արցախի կոնֆլիկտը Արցախում է, սա Ադրբեջանի հարձակումն է Արցախի հետ կապ չունեցող տարածքների վրա։ Շատ կարևոր է սա հասցնել մեր լսարանին և միջազգային գործընկերներին, որ սա Ադրբեջանի ագրեսիայի նոր հարթակ է»,- նշեց քաղաքագետը։  Նրա խոսքով՝ երբ ձևակերպվում է մեր երկրի առաջ կանգնած խնդիրը, ձևակերպվում է նաև դրա լուծումը՝ անվտանգություն՝ վակուումի մեջ։  «Ի՞նչ է  սա  նշանակում։ Սա նշանակում է, որ  բոլոր այն բարձիկները, երաշխիքները, պայմանագրերի փաթեթները, մեր անվտանգության ճարտարապետությունը չեն աշխատում։ Վակուում նշանակում է՝ այն ամենը, ինչ թվում է մեզ, որ ունենք,  իրականում չունենք, և ՀՀ-ն իրականում միայնակ  ու դատարկ ձեռքերով է կանգնած իր անվտանգային մարտահրավերների առաջ։ Երբ սա ֆիքսում ենք, պետք է կանգ առնենք նախևառաջ ՀԱՊԿ-ի վրա, հետո սկսենք խոսել լուծումներից»,- նշեց Քոչինյանը։  Նրա խոսքով՝  ՀԱՊԿ  հապավման մեջ բոլոր բառերը սուտ են, «ինքը հավաքական չի, ինքը անվտանգության չի, ինքը պայմանագիր չի, ինքը կազմակերպություն չի, ինքն իրականում ՌԴ-ի հետ  հետսովետական պետությունների անվտանգային ոլորտում  հարաբերությունների շրջանակն է, որովհետև այդ պետություններից ոչ մեկը ոչ մեկի հետ հարաբերություններ չունի, բացի ՌԴ-ի հետ ունեցած հարաբերություններից»։ Քաղաքագետը հիշեցրեց, որ Քառօրյա պատերազմի ժամանակ մեզ ասում էին՝ «դե քանի որ Արցախը ՀՀ չի, բնականաբար Արցախի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը չի կարող որևէ բան անել, մենք ձեր՝ ՀՀ-ի երաշխավորն ենք, հո Արցախի երաշխավորը չե՞նք»։  Այժմ, սակայն,  տեսնում ենք, որ հակառակորդը  հասել է Ջերմուկ, ռմբակոծել սահմանագծից 35 կիլոմետր խորության վրա գտնվող  քաղաք,  բայց մենք չենք ստանում որևէ արձագանք։  «Սա  հաստատում է քիչ վերն ասվածը՝ ՀԱՊԿ անվան մեջ ոչ մի բառը ճիշտ չէ։ Բայց սա մեր խնդրի կեսն է, խնդրի մյուս կեսն այն է, որ ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլ նաև ՌԴ-ն որևէ կերպ չեն հանդիսանում անվտանգային երաշխավոր  կամ մեզ դաշնակից, այլ նաև ավելին՝ հանդիսանում են տվյալ սրացման, տվյալ իրավիճակի ճարտարապետները»,- նշում է քաղաքագետը։

Քոչինյանի խոսքով՝ այլևս ակնհայտ է, որ ՌԴ-ն ունի որոշակի պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, ընդ որում, այդ պահանջները  հայտնի չափով կապված են ՀՀ տարածքային ամբողջականության հետ։ «ՌԴ-ն ունի այլ տեսակետ մեր տարածքային ամբողջականության մասին, քան մեր տեսակետն է, ՌԴ-ն ունի միջանցքային տրամաբանության մեջ տեսակետ։ ՌԴ-ն մեզանից տարածք է ուզում, որը պետք է ցանկապատի և դրա վրա կառուցի իր միջանցքը։  Այդ պահանջի կատարմանը հասնելու համար ՌԴ-ն մեզ վրա կոմպլեքսային ճնշումներ է գործադրում, որի արարներից մեկը ՀՀ արևելյան սահմանների վրա Ադրբեջանի հարձակումն է։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ՌԴ-ն ոչ միայն մեր անվտանգության երաշխավորը չէ, այլ նաև մեր անվտանգության սպառնալիքն է։ Թուրքիայի, Ադրբեջանի հետ զուգահեռ՝ կա նաև երրորդ սպառնալիքը՝ ՌԴ-ն։ Եվ բավական է սենյակում գտնվող փղին փորձենք ուշադրություն չդարձնել»։ 

Քոչինյանը չի կիսում այն փորձագետների տեսակետը, թե եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից, մեզ համար հավելյալ անվտանգային սպառնալիքներ ենք ստեղծելու, քանի որ այդ սպառնալիքներն ու խնդիրներն արդեն իսկ առկա են, դրանք սենյակում են այս պահին։ «ՌԴ-ն ունի պահանջներ մեր հանդեպ, որոնք մենք պատրաստ չենք իրականացնել: Եվ այդ սպառնալիքներն ու խնդիրները մեզ ի վերջո բերելու են աղետի։ Պայմանական ասած՝ Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն մեր ոտ ու ձեռքից բռնած մեզ տանում են, որ գցեն անդունդի եզրից, սա այն գործընթացն է, որն այս պահին կա, ներկա է։ Իսկ ի՞նչ այլընտրանք կա սրան, ՀՀ-ն ի՞նչ կարող է անել սրան որպես այլընտրանք»։

Քոչինյանի խոսքով՝  ԱՄՆ-ի կողմից իրականացված մի շարք քայլեր, այդ թվում վերջին ագրեսիայից հետո հրադադարի հաստատումը, որում մեծ է եղել մասնավորապես այդ երկրի դերակատարությունը,  ԱՄՆ Կոնգրեսի  ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը ՀՀ,  պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի մի շարք հայտարարությունները ազդակներ են, որոնք իրավիճակի շուրջ որոշակի փոփոխություններ են բերում։ «ԱՄՆ-ն մեզ քաղաքական խոսակցություն սկսելու առաջարկ է արել։ Սա դեռևս քաղաքական երաշխիք չէ, առավել ևս՝ անվտանգային երաշխիքներ չեն, պետք չէ միանգամից «ուռա» ասել,  ոգևորության մեջ ընկնել։ Մենք  քաղաքական  երկխոսության առաջարկ ենք ստացել, որը հեռանկարում կարող է բերել որոշակի պայմանավորվածությունների, իսկ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը տեխնիկապես վերածել անվտանգային երաշխիքների՝ ժամերի հարց է։ Դա կարող է լինել մեզ զինելով, որոշակի պայմանագրային բազա ստեղծել ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու և ռազմավարական դաշնակցության, դա կարող է լինել Ադրբեջանին զսպելու սանկցիաների ճանապարհը, զանգերով հարցեր կարգավորելու ճանապարհը,  շատ տարբեր ճանապարհներ  կարող են լինել։ Այսինքն՝ այդ քաղաքական պայմանավորվածությունների իմպլեմենտացումը կարող է ունենալ ամենատարբեր բնորոշումները, որի վրա այժմ կենտրոնանալ պետք չի։ Պետք է կենտրոնանալ ԱՄՆ-ի հետ քաղաքական պայմանավորվածության հասնելու ճանապարհի հեռանկարի վրա»,- ասում է քաղաքագետը։  

Նրա  կարծիքով՝ ԱՄՆ-ն մեզանից քաղաքական քայլ է սպասում, որը, իր ընկալմամբ, ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ «Մի կողմից ունենք երաշխավորված անդունդ, կառափնարան, անվտանգային բարձիկների չգոյություն, մյուս կողմից՝ երկխոսության առաջարկ։ ՀԱՊԿ-ից դուրս գալը երաշխիք չէ, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը մեզ կբերի քաղաքական պայմանավորվածության հանգրվանի,  բայց ՀԱՊԿ-ում մնալը երաշխիք է, որ մենք անպայման գնալու ենք կառափնարան։ Այ սա է պետք ֆիքսել»։ 

Քննարկման բանախոսներից մեկի՝ Ստյոպա Սաֆարյանի հարցին՝ արդյոք միայն ՀԱՊԿ-ից դուրս գալը բավարա՞ր քայլ է ԱՄՆ-ի համար՝ որպես երկխոսության առաջարկին ընդառաջ արված քայլ,  այն դեպքում, երբ ՌԴ-ն իր ռազմաբազաներն ունի ՀՀ մի շարք հատվածներում և մեզ հետ կիսում է  մեր ինքնիշխան ֆունկցիաները՝ վերահսկողություն մեր իսկ  սահմանների  նկատմամբ, քաղաքագետն արձագանքեց.  «ԱՄՆ-ն մեզնից քայլ է ակնկալում, շեշտում եմ՝  քաղաքական երկխոսությո՛ւնը սկսելու համար, ոչ թե քաղաքական ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու։  ՀԱՊԿ-ից դուրս գալն առաջին քայլն է շատ ավելի ծավալուն գործընթացի, քայլերի, որոնք պետք է բերեն ՀՀ անվտանգային ճարտարապետության կարդինալ, շրջադարձային  փոփոխությունների»։ Ռուսական ռազմաբազայի դուրսբերման հերթը նույնպես պետք է դիտարկել հետագա զարգացումների համատեքստում, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալը, ըստ Քոչինյանի, ի լուր աշխարհի քաղաքական դիրքորոշում հայտնել է, ընդգծելն է, որ ունես  սեփական ողնաշար։