Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը. դռները կբացեն մեկ պայմանով

Շիրակի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը. դռները կբացեն մեկ պայմանով
Հայաստան
16:18, 13 апрель 2021
Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը, արգելում են ելումուտն ու պահանջում, որ այս պահին Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը,հայտնում է armtimes.com-ը։

Ասում են՝ կառույցի դռները կբացեն միայն իրենց պահանջի կատարման դեպքում:

Նշենք, որ պարբերաբար ծնողները նման քայլի են դիմում և պահանջում հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան: Նրանք ընդգծում են, որ իրենց քայլերի մեջ որևէ մեկը քաղաքական երանգ չտեսնի: Իրենց միակ պահանջը իրենց որդիների անվտանգության ապահովումն ու գերությունից ազատումն է:

Հիշեցնենք, վերջին ակցիան նրանք կազմակերպել էին մարտի 9-ին, փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը: Այնուհետ օրվա ավրատին բացել էին բոլոր ճանապարհները ու նշել, որ իրենց որոշումը մանրամասնել չեն ցանկանում:

Նշենք, որ մարզպետարանի մուտքը փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: