Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքում առաջարկվում են փոփոխություններ

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում քնարկվում է կառավարության կողմից ներկայացված Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

 Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ասաց, որ դա պայմանավորված է 2013 թվականին ընդունված Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի  շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների տրամադրելու մասին ՀՀ օրենքի իրավակիրառ պրակտիկայում նկատված խնդրի լուծման անհրաժեշտությամբ։ 

«Մասնավորապես հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ օրենքի հիմքում դրված տրամաբանությունը ենթադրում է, որ ծրագրի շրջանակներում ստեղծված շահույթը վերաներդրվելու պարագայում ազատվում է  շահութահարկով հարկումից»,-ասաց նախարարի տեղակալը։ 

Նրա խոսքով՝ գործնականում շատ հաճախ լինում է այնպես, երբ ծրագրի շրջանակներում գործող ընկերությունները ֆինանսական, կամ որ նույնն է՝ հաշվապահական հաշվառումով, ունենում են  վնասներ և թեև հարկային հաշվառման կանոններով ունենում են հարկվող շահույթներ հնարավոր չի լինում ապահովել օրենքով նախատեսված նախապայմանները։ 

«Այսինքն, եթե չկա զուտ շահույթ, հետևաբար չկա նաև դրա որոշակի մասը, որը ներդրվել է  ծրագրի շրջանակներում ու ըստ այդմ նաև արտոնությունը կիրառելի չէ։ Այս պարագայում առաջարկվում է ավելի պարզ և բոլորի համար միատեսակ ընկալվող, ըստ այդմ նաև երկիմաստ մեկնաբանությունների պատճառ չհանդիսացող խմբագրություն, ըստ որի ծրագրի շրջանակներում ստացվող եկամուտները շահութահարկով հարկվող նպատակով եկամուտ չեն համարվելու, իսկ ծրագրի շրջանակներում կատարվող ծախսերը շահութահարկով հարկվող հարկման նպատակով ծախս չեն համարվելու»,-ասաց Արման Պողոսյանը։