Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 200․000 ԱՄՆ դոլար «Սորոսի» հիմնադրամից՝ ՀՅԴ-ի «Երկիր Մեդիա»-ին մոտ 6 տարում

Ավելի քան 200․000 ԱՄՆ դոլար «Սորոսի» հիմնադրամից՝ ՀՅԴ-ի «Երկիր Մեդիա»-ին մոտ 6 տարում
Հայաստան
17:29, 13 апрель 2021
Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ «Սորոսի» հիմնադրամը, տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր լրատվամիջոցների։ «Սորոսի» հիմնադրամից լրատվամիջոցներին տրվող դրամաշնորհները հիմնականում ծառայում են մարգինալացված խմբերի խնդիրներին, մարդու հիմնարար իրավունքներին, կրթական ոլորտի խնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև՝ սոցիալ-քաղաքական զարգացումներին անդրադառնալու և բազմակարծություն ապահովելու համար։ 

Ուշագրավ է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից դրամաշնորհ ստացած լրատվամիջոցների ցանկում է նաև ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը, իսկ նույն ՀՅԴ-ին պատկանող Yerkir.am կայքը վերջին տարիներին աչքի է ընկնում «Սորոսի» հիմնադրամին, ինչպես նաև, այսպես ասած, սորոսականներին ուղղված անխնա քննադատական նյութերի հրապարկմամբ և տարածմամբ։ 

Մինչդեռ, ըստ «Սորոս» հիմնադրամի կայքի տեղեկատվության՝ ՀՅԴ-ին պատկանող  «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը դրամաշնորհներ է ստացել տարբեր ժամանակահատվածներում։

2015թ․ հոկտեմբերին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ստացել է 48 000 ԱՄՆ դոլար՝ հեռարձակվող «Կլոր սեղան»  և «Բարձրաձայն» հաղորդաշարերի համար։  

2014թ․ դեկտեմբերին՝ 33 000 ԱՄՆ դոլար՝ կրկին «Կլոր սեղան»  և «Բարձրաձայն» հաղորդաշարերի համար, իսկ 2013թ․ դեկտեմբերին՝ 65 000 ԱՄՆ դոլար՝ «Կլոր սեղան» և «Բաց փակագիծ» հաղորդաշարերի համար։ 
2012թ․ նոյեմբերին 26․660 դոլար՝ «Բարձրաձայն» հաղորդաշարի համար, նույն տարվա ապրիլ ամսին՝ 24 915 դոլար, 2011թ․ մայիսին՝ 24 260 դոլար, 2009թ․ ապրիլին՝ 15 500 դոլար և այլն։

Նշենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Բարձրաձայն» հաղորադաշարը վարել է հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների ներկայիս տնօրեն Գեղամ Մանուկյանը, իսկ «Կլոր սեղան» հաղորդաշարի հեղինակն ու վարողը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն էր։
 
Նարա Մարտիրոսյան