Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, ապա նրա օրոք ԱԺ-ում, այո, կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին»․ Նիկոլ Փաշինյան

«Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի քսանամյա դիվանագիտության եւ բանակցային տրամաբանությունը։ Այսինքն, հայկական կողմն ունեցել է խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի ուզածին։ Ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ որեւէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ առանց դրա»,-ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ նիստում այսօր անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից մեկին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2020թ․ դեկտեմբերի 4-ի հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Այս ամենը համադրության մեջ միասին ստեղծել է մի իրավիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որեւէ բանի հասնել, իսկ եթե նման շանս չես թողնում, մնում է պատերազմը»։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Եթե դու քսան տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահ, երբ հույսը պետք է արդարացնես։ Չի կարող լինել այնպես, որ քսան տարի հույս տաս․․․պետք է արդարացնես։ Սա ամենամեծ ձախողումն է, երբ հայ ժողովրդին ներշնչվել է, թե մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից՝ արցախյան շարժման բոլոր արդյունքներից։ Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը․․․ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել։ Էլ չասեմ, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ կհասնի իր նպատակին, այլեւ երաշխիք են տվել, եւ այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն էր։ Չգիտեմ՝ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վիճում են, թե ոչ, բայց մի երկու տարի առաջ վիճակում էին, թե իրենցից ով է դուրս թողել։ Բայց առանց Ղարաբաղի բանակցության գնալը երաշխիք է եղել Ադրբեջանի համար, որ պիտի հասնի իր նպատակին»։

Ապա Փաշինյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանից մեկ այլ մեջբերում՝ «եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենն, ինչ արվել է»։ Փաշինյանն ասաց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ եւ 97-98թթ․-ին եթե ՀՀ-ն ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, դա Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, ապա նրա օրոք ՀՀ-ի խորհրդարանում, այո, կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։ Ո՞ւմ, եթե ոչ թուրքական գործակալների օրոք․․․այո, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից։ Էլ չասեմ, որ Քոչարյան-Սարգսյան զույգը 98թ․-ին իշխանության հասնելով՝ դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը։ Մինչդեռ 2018թ․-ին բանակցային սեղանին եղել է նման փաթեթ։ Այո, Քոչարյան-Սարգսյան զույգը 98թ․-ին Ղարաբաղի հարցն օգտագործելով իշխանության հասնելու համար՝ քսան տարում տանուլ է տվել բանակցային գործընթացը, առաջին պատերազմի հաղթանակը։ Խուրդել են՝ մանրել են հունական կղզիներում առանձնատուն կառուցելով, փարիզներում հյուրատներ կառուցելով։ Տանուլ են տվել բանակաշինության, դիվանագիտության դաշտում՝ զինվորի հացը գողանալով»։