Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարտի 1-ի» էջը բացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փակելու է ժողովուրդը»․ Սարգիս Քլոյան

«Մարտի 1-ի» էջը բացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փակելու է ժողովուրդը»․ Սարգիս Քլոյան
Հայաստան
13:31, 14 апрель 2021
ԲԴԽ-ի դիմաց, «Հանուն Հանրապետության» կուսակցության հրավիրած բողոքի ակցիային մասնակցող, «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Սահմանադրական Դատարանը, 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելով, Հայաստանի Հանրապետությունում ջախջախեց արդարադատությունը, ջախջախեց «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին։ Քլոյանը հարց է ուղղում․ «Բա ի՞նչ եղավ հանցանքը։ Ինչու՞ հենց այն օրը, երբ Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց գործը մտցնել դատաքննական փուլ, ՍԴ-ն հենց հաջորդ օրը օրենքը ճանաչում է հակասահմանադրական։

Այստեղ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում։ ՍԴ-ն ՀՀ ժողովրդի առաջ բացեց դժոխքի դռները և այդ քայլով այնպես արեց, որ ՀՀ-ում լինի քաղաքացիական պատերազմ, այն որ Քոչարյանն է ուզում»։

Սարգիս Քլոյանը հույս հայտնեց, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո կփոխվի սահմանադրությունը, կբարեփոխվի դատաիրավական համակարգը և տուժողի իրավահաջորդները կհասնեն հաջողության։ «Հույս ունենք, որ «Մարտի 1-ի» գործը չի փակվել։ «Մարտի 1-ի» էջը բացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փակելու է՝ ժողովուրդը», - ասաց Քլոյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պահանջ ունեն ԲԴԽ-ից, Քլոյանը նշեց, որ ԲԴԽ-ն է ապահովում դատարանների անկախությունը։ «Ինչու՞ է ԲԴԽ-ն կարծում, որ դատարանների վրա ճնշում կարող է գործադրել միայն իշխանությունը։ Այսօր դատավորների վրա ճնշում գործադրում է նախկին իշխանությունը», - նշեց Սարգիս Քլոյանը։