Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին նախագահները ցանկացել են միջնորդեմ, որ ՌԴ նախագահը նրանց ընդունի որպես հատուկ բանագնացի․ Փաշինյանի պատասխանը՝ պատգամավորի հարցին

Ինձ հանդիպման համար դիմել են Արցախի երկրորդ և երրորդ նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը և ասել են, որ գաղափար կա, որ Արցախի և Հայաստանի նախկին ու ներկա նախագահների հետ հանդիպում տեղի ունենա, ես ասել եմ, որ համաձայն եմ՝ խորհրդարանում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ստանձնել են, որ կկազմակերպեն նման հանդիպում, հետո ինձ ասել են՝ կա գաղափար, որ նախ՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, հանդիպում ունենան ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, և վերադարձից հետո տեղի ունենա այդ հանդիպումը: Ես ասել եմ, որ ողջունում եմ գաղափարը և պատրաստ եմ նույնիսկ պետական օդանավը տրամադրել, որպեսզի նրանք մեկնեն: Նրանք գնացել ու վերադարձել են հետևյալ առաջարկով, որ երկու նախագահները ուզում են, որ ես միջնորդեմ՝ ՌԴ նախագահը նրանց ընդունի որպես հատուկ բանագնաց»,-ասաց նա:

Փաշինյանը նաև հավելել է․ «Ես ասել եմ, որ այդտեղ ֆորմատային խնդիրր կա, ես անընդհատ հաղորդակցության մեջ եմ ՌԴ նախագահի հետ, ինքն ինձ կարող է պարզ հարց տալ՝ հիմա դու ի՛նչ ես ուզում ինձ ասել, որ չես կարողանում, և դրա համար անհրաժեշտ է հատուկ բանագնացի ինստիտուտ: Ես առաջարկել եմ իմ տարբերակը, ասել եմ՝ եկեք կազմակերպենք Հայաստանի պաշտոնաթող նախագահների այց ՌԴ պետական մակարդակով, էնտեղ ընդունող կողմը լինի ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև ԱԽ նախագահի տեղակալն է, և այցի շրջանակներում միջնորդենք, որ հանդիպում կկազմակերպի ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ»: