Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետարանում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետարանում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությանն առնչվող հարցեր
Հայաստան
21:09, 30 сентябрь 2022
Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի խորհրդի կազմով։
 
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022 թվականի 8 ամիսների կատարողականին, համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության և ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացմանը, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և 2023 թվականին նախատեսվող ծրագրերի հայտերի մշակմանն ու ներկայացմանը։
 
«Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ ձևաչափ են, որոնց իրականացումն ու արդյունավետությունը խիստ կարևոր են։ Ծրագրերի ընթացքին պետք է հետևեն պատասխանատուները, դրանցում թերությունները բացառելու համար պետք են համայնքապետների աչալրջությունն ու վերահսկողությունը, աշխատանքների տեմպերից գոհ չեմ և հորդորում եմ լինել առավել զգոն և թույլ չտալ անհարկի ձգձգումները»,- նշել է Շիրակի մարզպետը։
 
Խորհրդակցության ավարտին քննարկվել են մարզի քաղպաշտպանության պլանին վերաբերող հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ: