Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն կանգնեց ՍԴ կարգը տապալողի կողքին և ինքը մեկ անգամ ևս տապալեց այն մեր երկրում․ Արման Բաբաջանյան

ՍԴ-ն կանգնեց ՍԴ կարգը տապալողի կողքին և ինքը մեկ անգամ ևս տապալեց այն մեր երկրում․ Արման Բաբաջանյան
Հայաստան
15:37, 14 апрель 2021
Ցանկացած պետության գոյության համար երկու հիմնարար առաջնահերթություն կա՝ բանակ և արդարդատություն։ Այս երկու մարտահրավերներն էլ այսօր մեր ժողովրդի առջև են։ Այսօր այս մասին ասած  «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ ԲԴխ-ի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ։
 
«Երկու օր է ինչ ԲԴԽ նախագահը՝ իրեն պաշտպանության տակ առած լրատվամիջոցներով, ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ ենք այս բողոքի ակցիան իրականացնում՝ ԲԴԽ շենքի առջև։ Ես կարծում եմ, որ այս բողոքի ակցիան, որը վստահաբար շարունակական է լինելու, հավասարապես կարող է և՛ այստեղ կազմակերպվել, և՛ դատախազության, և՛ Սահմանադրական դատարանի, և՛ ԱԺ-ի և՛ Կառավարության շենքերի դիմաց, քանի որ այս բոլոր պետական մարմինները հավասարապես պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար»,- նշեց նա։ 
 
 
Խոսելով մարտի 1-ի մասով կայացված վերջին որոշման մասին՝ Բաբաջանյանը ասաց, որ չէր կարող դատարանը միանձնյա այդպիսի որոշում կայացնել և  ՍԴ -ի որոշումը ևս  պայմանավորված է նախկինների ցանկության և նրանց՝ անձնապես Ռոբերտ Քոչարյանին պաշտպանության տակ վերցնելու մղումներով։  
 
«Կարող ենք հաստատապես ասել, որ մարտի 1-ի գործով կայացված որոշումներ հանցավոր համաձայնության արդյունք են՝ իրավապահների և դատական համակարգի միջև։ Սահմանադրական դատարանը, որի 3 անդամներին ընտրել է նոր իշխանությունը, և ես ԱԺ-ում անձնապես միակն եմ եղել, որ 3-ին էլ դեմ եմ արտահայտվել, ըստ էության, կանգնեց Սահմանադրական կարգը տապալողի կողքին և ինքը, մեկ անգամ ևս, տապալեց մեր երկրում Սահմանադրական կարգը։ Մենք չենք կարող ուղղակի հաշտ լինել այս իրողության հետ», - նշեց Բաբաջանյանը։
 
 
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանական թիմը և նրան սպասարկող բոլոր նախկին պաշտոնյաները որոշեցին իրենց անմեղ հռչակել և իրենց դուրս դնել պատասխանատուների շրջանակից՝ բոլորի աչքի առջև տեղի ունեցած հանցագործության համար։ 
 
«Մինչդեռ, մենք շատ լավ գիտենք, թե ինչ հանցավոր համաձայնությամբ է ժամանակին գործել իշխանությունը՝ մաֆիայի, քրեաօլիգարխիայի և իրավապահների տանդեմով ու համաձայնությամբ, և մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ նպատակ են դրել ժամանակին այդ իշխանավորները և դրանում ինչպիսի դերակատարություն է ունեցել դատական համակարգը»,- նշեց պատգամավորը։
 
Ըստ նրա ՝ դատական համակարգը մեր երկրի բնական ընթացքից շեղվելու օրից, ինչը տեղի է ունեցել մոտավորապես 1997 թվականից, մեծապես ծառայել է մաֆիային և նաև այդ օրվա քաղաքական ընդդիմության թողտվության արդյունքում, չի ցուցաբերվել բավարար ուժ և քաղաքական կարողություն ՝ թուլ չտալու որ այդ իշխանությունը հասնի մինչև 2018 թվականը։
 
«Մենք այս կամազրկության պատճառով,  իշխանության ներսում գտնվող առանձին անհատների և մեր երկրում դատաիրավական համակարգի բարեփոխումների հաջող ընթացքի համար պատասխանատու պաշտոնյաների պատճառով ունենք տապալված իրավական քաղաքականության իրականություն»։ 
 
Բաբաջանյանը նշեց, որ  նրանք չեն կիսում գործող իշխանության՝ անձնապես Արդարադատության նախարարի այն համոզմունքը, որ Սահմանադրական խոչընդոտ կա երկրում դատաիրավական ամբողջական զտում և վեթինգ իրականցնելու համար։
 
«Վերջերս մենք ԲԴԽ անդամներ էինք ընտրում, ովքեր իրենց մասնագիտական կարծիքը ներկայացրեցին, և ասացին, որ եթե լինի բավարար քաղաքական կամք, ապա ոչ մի սահմանադրական արգելք չկա, որպեսզի այս հանցագործ դատավորներին, որոնց թիվը մոտավորապես 40-60 է՝ ոչ ավել,  կարողանանք դուրս շպրտել այս համակարգից»։
 
Դատաիրավական բարեփոխումները շարունակում են մնալ «Հանուն հանրապետության» կուսակցության օրակարգում։