Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե ԶՈՒ-ն ասում է՝ «մենք կարող ենք ջախջախել թշնամուն», պատկերացնու՞մ եք մենք ասենք «եկեք ազատագրված տարածքները վերադարձնենք»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կայացած հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշատակելով վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 29-ի գրառումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պատերազմի այլընտրանքը այն էր, որ վերջինս դիմեր ժողովրդին ու ասեր, որ պետք է հանձնել յոթ շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է լինելու, իսկ մարդիկ ասելու էին, որ կկանգնեն ու կկռվեն հանուն հայրենիքի, իսկ եթե ինքը ասեր՝ չէ, պետք է հանձնել, ժողովուրդն ասելու էր «Նիկոլ դավաճան» ու էլի պատերազմ պետք է սկսվեր։ Եթե ինքը ստորագրեր տարածքները հանձնելու մասին փաստաթուղթը, ապա մարդիկ ասելու էին «Նիկոլ դավաճան», եթե չստորագրեր՝ պատերազմ էր սկսվելու։ 

Այս գրառման և Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մեջ պատգամավորը հակասություններ է տեսնում, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հանրայնացրած փաստաթղթում, որտեղ երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ռեսուրսները տասը մեկին հարաբերակցության են, ի օգուտ Ադրբեջանի, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ունեցել է բավարար ինֆորմացիա, որ հայկական կողմը պատրաստ չէ դիմագրավել թշնամուն, և պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Փաշինյանը խուսափի «Նիկոլ դավաճան» պիտակից։

Պատասխանելով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում հակասություն չկա։ Այդ քննարկումները եղել են և 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Գլխավոր Շտաբի պետը, Պաշտպանության նախարարի ներկայությամբ զեկուցել է անվտանգության խորհրդին, որ արցախյան ուղղությունում, հայակական կողմը կարող էր առկա ուժերով և միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները։

«Եթե Զինված ուժերը գալիս ասում են՝ «Մենք խնդիր չունենք, մենք կարող ենք ջախջախել թշնամուն», պատկերացնու՞մ եք մենք ասենք «եկեք ազատագրված տարածքները վերադարձնենք, հրաժարվենք Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքից»։ Էդ հետո է, որ իրենք ասել են «Մենք ասել ենք հանձնենք, հանձնվենք։ Այդպիսի բան անեին, նույն վայրկյանին կասեի «դիմումդ գրի գնա»։ Ի՞նչ իրավունք ունեն նման բան ասել։ Ընդ որում ինչ որ ասում եմ՝ ապացուցելի է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող էի 2018 թվականին գալ, ասել՝ «Ժողովուրդ ջան մենք ստացել ենք այսպիսի ժառանգություն, տարբերակ չունենք, բայց ես չեմ արել դա, որովհետև, նախ Զինված ուժերը զեկուցել են, որ իրենք կարող են խնդիր լուծել և երկրորդ՝ եթե կարող ենք մենք մեր իրավունքները պաշտպանել, ինչի՞ պետք է մենք գնանք միակողմանի զիջումների։ Ես ցավալի փոխզիջումների մասին խոսել եմ այն ժամանակ, երբ հասկացել եմ, որ մենք մոտենում ենք մի գծի, որտեղ պարզ է դառնում, որ չենք կարողանում մեր խնդիրը լուծել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով, Գուրգեն Բաղդասարյանը շեշտադրեց, որ ռեսուսրների տարբերության մասին վարչապետը իմացել է վաղուց և ստացվում է այնպես, որ պատերազմը տեղի ունեցել միայն նրա համար, որ վարչապետը խուսափի «Նիկոլ դավաճան» պիտակից։

Պատասխանելով, վարչապետն ասաց, որ ստիպված է ևս մեկ շերտ էլ ավելացնի փակագծեր բացելուն։ «Զինված ուժերն ունեն կիրառման պլան։ ԶՈՒ-ի հետ մեր քննարկումների տրամաբանությունը եղել է հետևյալը՝ մենք զիջում ենք միջոցներով, բայց որոշակի մարտավարության ճշտգրիտ կիրառմամբ կարող ենք մեր խնդիրը լուծել», - նշեց Փաշինյանը և ավելացրեց, որ չի կարող ամբողջովին բացել փակագծերը, սակայն պատգամավորները որոշակի գաղտնիություն կրելու իրավասություն ունեցող մարդիկ են, և եթե հետաքրքիր է ինքը կարող է առանձին, մեկ-երկու նախադասությամբ ասել, թե ասվածի էությունը, բովանդակությունն ինչ է։