Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հին տեսանյութեր է շրջանառում՝ սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանի դեմ ոչ մի տեսակի դիմում չի ներկայացվել ՄԻԵԴ․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու

Ադրբեջանը հին տեսանյութեր է շրջանառում՝ սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանի դեմ ոչ մի տեսակի դիմում չի ներկայացվել ՄԻԵԴ․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու
Հայաստան
12:45, 03 октябрь 2022
«Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանի դեմ ոչ մի տեսակի դիմում չի ներկայացվել ՄԻԵԴ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանն ու հավելեց. «Տեսանյութերը, որոնք երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել են, իբր հայերի կողմից ադրբեջանցի զինծառայողների դեմ իրականացված խոշտանգումներ, դրանք Ադրբեջանը դեռևս 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ է ներկայացրել ՄԻԵԴ և Հաագայի դատարան։ Դրանք հին վիդեոներ են, որոնք ադրբեջանական կողմը նորից շրջանառում է»։ 
Նշենք, որ Ադրբեջանն իր ԶՈՒ-ի կողմից կատարված հերթական պատերազմական հանցագործությունը մեղմելու համար հին տեսանյութեր է շրջանառում՝ իբր հայերի կողմից Ադրբեջանի զինծառայողների խոշտանգման դրվագներ պարունակող, ավելին՝ դրանք ուղարկել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ադրբեջանի տարածած հին տեսանյութերին, Ֆեյսբուքի իր էջում գրառել է, որ թույլ չեն տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. «Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ։ Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել)»,- գրել է նա։ 

Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակումից հետո հայկական կողմն ունեցավ ավելի քան 200 զոհ։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մեկը մյուսի հետևից տարածում էին հայ զինվորներին, այդ թվում՝ կանանց խոշտանգելու տեսանյութերը։ Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, հերթական հրապարակումը եղավ, որտեղ Ադրբեջանի զինծառայողները գնդակահարում էին անզեն հայ գերիներին։ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ տեսանյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայ գերիների խոշտանգումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ընթացքում. «Ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։ Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում»,- գրել էր նա։ 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանն էլ նշեց, որ հայ անզեն գերիներին գնդակահարելու տեսանյութի հիմքով երեկ գիշերն արդեն դիմումն ուղարկվել է  Հաագայի դատարան, իսկ այսօր դիմումը կներկայացնեն ՄԻԵԴ։

«Բացի սեպտեմբերի 13-14-ի հարձակումից, նաև 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն մի շարք պատերազմական հանցագործություններ էր կատարել հայ գերիների նկատմամբ, մենք ունենք փաստեր, ու դրանք նորություն չեն։ Այդ փաստերը ժամանակին ևս ներկայացվել են ՄԻԵԴ և Հաագայի դատարան»,- հավելեց Հասմիկ Սամվելյանը։ 

Նարա Մարտիրոսյան