Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել․ Արա Այվազյան

Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել․ Արա Այվազյան
Հայաստան
17:30, 14 апрель 2021
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ցանկանալով լսել նախարարի դիտարկումները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկ տարածած հայտարարության վերաբերյալ, որում նրանք իրենց  պատրաստակամությունն են հայտնել՝  միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգնման հարցում։

Ի պատասխան նախարարն ասաց, որ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդծել են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

«Այդ կապակցությամբ  կուզենայի հիշեցնել, որ ՀՀ-ի հայտնի  սկզբունքային դիրքորոշումը այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում։ Երկրորդը համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել և կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և  պահվող այլ անձանց  անհապաղ հայրենադարձության Արցախ»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ ՄԽ-ի  միջոցով հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր վրա վերցրած պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տալ դնել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրականացումը։