Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ նիստի համապատասխան հատվածը կգաղտազերծենք և կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի հերքման մասին

ԱԽ նիստի համապատասխան հատվածը կգաղտազերծենք և կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի հերքման մասին
Հայաստան
17:50, 14 апрель 2021
Այսօր ԱԺ-ում օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների մասին։

«Եթե ճիշտ եմ հիշում մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Դուք ելույթում ասացիք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել տվել։ Քանի որ հրապարակային էիք ասել ես էլ պահանջեցի Ձեզնից ապացույցներ, սակայն ապացույցները չհրապարակվեցին։ Ստացվում է՝ մարդուն հանիրավի մեղադրանք ներկայացվեց։ Այսօր խորհրդարանի ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի 2020թ․ նոյմեբերի 17-ի հայտարարությանը և ասեցիք, որ նման հայտարարություն չի արել, այլ հակառակի մասին է հայտարարել։ Հետո էլ Օնիկ Գասպարայանը հայտարարեց, որ Ձեր ասածը իրականությանը չի համապատասխանում և Դուք կեղծում եք Ազգային անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ո՞նց ենք իմանալու, ո՞վ է ճիշտ ասում, կարո՞ղ է հրապարակեք անվտանգության խորհրդի նիստի այն հատվածը որը չի համընկնում Օնիկ Գասպարյանի ասածի հետ։ Եվ ինչու՞ եք 2021թ․ ապրիլի 15-ին հակադարձում Օնիկ Գասպարյանի 2020թ․ նոյմեբերի 17-ի հայտարարությանը»։

Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հերթական անգամ ընդգծեց 44-օրյա պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանի խոսքերը․ «2020թ․ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը հայտարարել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը և մինչև վերջ կատարելու է»։ 

Վարչապետն անդրադառնալով այն հարցին թե ինչու է հիմա հակադարձում Օնիկ Գասպարյանին նախ նշեց, որ չի ուզեցել տպավորություն ստեղծվի որ ինքը խուսափում է պատասխանատվությունից․ «Չեմ արձագանքել նաև այն պատճառով, որ  չեմ ուզեցել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը»,-հավելեց նա։

Անդրադառնալով Մարուքյանի այն առաջարկին, որ հրապարակվի ԱԽ նիստի ժամանակ Օնիկ Գասպարյանի խոսքերը՝ Փաշինյանն ասաց, որ լավ առաջարկ է և կդիտարկեն այդ հատվածը գաղտնազերծելու հարցը․ «Մենք կդիտարկենք անվտանգության խորհրդի նիստի այդ հատվածը հրապարակելու հարցը, լավ առաջարկ է։ Համենայն դեպս այն ինչ–որ ես այսօր մեջբերեցի՝ կարող եք համարել բառացի մեջբերում ԱԽ նիստում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի փաստաթղթերով առավել մանրամասն արձանագրված են և իմ ասածներն ապացուցելի են։ Օնիկ Գասպարյանն ինքն է՝ ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ թե ինքը ինչ է խոսացել, և Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020թ․ դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, ես գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և այդ հանդիպումը կայացել է այն ժամանակ երբ Օնիկ Գասպարյանը դուրս է եկել նախագահ Արմեն Սարգսյանի մոտից»։