Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովման ծրագրի երկրորդ փուլը»․ Սուրեն Պապիկյան

ԱԺ-ում հարակից զեկույցով հանդես եկավ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ չնայած 2020 թվականը իրենց ոլորտի համար դժվարին տարի էր, այնուամենայնիվ արձանագրվել են որոշ ձեռքբերումներ, մասնավորապես ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակներում 576 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար ՀՀ Կառավարության որոշումներով 2020 թվականի պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14,3 մլրդ դրամ։ Այս ծրագրեը ուղղված են եղել հիմնականում փողոցների նորոգման, մանկապարտեզների, մշակութային տների, համայնքային կենտրոնների, ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման համակարգի, գազամատակարարման, էներգախնայող փողոցային լուսավորության համակարգերի կառուցմանն ու նորոգմանը։

2020թվականին ապահովվել է համայնքների կարողության զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակական ընթացքը, որի շրջանակներում 28 միավորված համայնքների տրամադրվել է մեքենասարքավորումների և գործիքների շուրջ 85 մլրդ դրամի գյուղտեխնիկա և սարքավորում։ Տրամադրվել է շուրջ 500 մլն դրամ արժեքով 100 կվտ ընդհանուր հզորությամբ հինգ արևային կայան՝ շուրջ 30 մլն դրամ արժողությամբ։ 6 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավում և մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ 280 մլն դրամ արժեքով։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2,66 մլրդ դրամի ներդում։

Պապիկյանը նշեց, որ սրանք վերաբերում են միավորված համայնքներին և շեշտեց միավորման համայնքների արդյունավետությունը։ «Ըստ էության այդ համայնքները ձեռք են բերում կարողություններ, որոնք չունեն հարակից, չմիավորված համայնքները», - ասաց Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշեց, որ 2020 թվականին մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովման ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում Կառավարության որոշմամբ շուրջ 2,1  մլրդ դրամ է տրամադրվել շուրջ 188  ընտանիքների բանկարանային խնդիրների ապահովման համար։ Սա վերաբերում է 1988-1991 թվականների ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքների բնակարանային խնդիրներին։