Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր է Բրյուսելում այսօր որոշում կայացվի Հայաստան ուղարկվելիք առաքելության վերաբերյալ

Հնարավոր է Բրյուսելում այսօր որոշում կայացվի Հայաստան ուղարկվելիք առաքելության վերաբերյալ
Հայաստան
14:49, 11 октябрь 2022
Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրների դեսպանները այսօր՝ հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին:

Այդ մասին Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու գործում», - ասել է Կլաարը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նաև նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: