Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ծրագրերը

ՀՀ ԱԽ քարտուղարը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ծրագրերը
Հայաստան
14:18, 12 октябрь 2022
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ, ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, ասել է Գրիգորյանը՝ շեշտելով՝ Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:

Գրիգորյանն ու Վիննիկովը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Հոկտեմբերի 3-ին Բրյուսելում Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը քննարկել էր նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Հանդիպումից հետո Կոլոմինան Թվիթերում գրել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։