Քաղաքացիակենտրոն
լրատվություն

71 մլն դրամ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների համար

71 մլն դրամ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների համար
Հայաստան
15:20, 15 апрель 2021
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 71 մլն 677 հազար դրամ կտրամադրի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների իրականացման ծախսերն ապահովելու համար, որից 67 մլն 908 հազար դրամը՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի կատարման համար՝ 62 մլն 11 հազար դրամ, իսկ 5 մլն 896 հազար դրամը՝ Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ի կատարման համար), «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին (Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարման համար 23,769.1 հազար դրամ, յուրաքանչյուրին համապատասխանաբար՝ 5 մլն 857 հազար դրամ և 17 մլն 911 հազար դրամ):

Որոշման ընդունման արդյունքում 2021 թվականի ապրիլի 24-ին կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք և կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ.
  • Ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին՝ ջահերով երթի ավարտից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը։
  • Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը։
  • Հիշատակի միջոցառումները կամփոփվեն ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ: