Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա

Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա
Հայաստան
16:10, 20 октябрь 2022
Առաջիկայում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ մշակվում է մոտ ժամանակներում ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարները տեսաժողովում կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների արդյունքները։ Եվ պետք է քննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը»,- ասաց նա։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ նիստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդի ՀԱՊԿ քարտուղարությունը։

Ճշտող հարցին, թե ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանեց․ «Նրանք (ՀԱՊԿ անդամ երկրները – խմբ․) պետք է որոշեն և համաձայնեցնեն այդ հարցը։ Դա հավաքական անվտանգության մասին պայմանագիր է և որոշումները կայացվում են հավաքական ձևով»։